Մայիսի 9-ը մեր պատմության կարևորագույն, հաղթանակած ու փառապանծ օրերից է, որը ալ կարմիրով նշվել է օրացույցին՝ շարունակ հիշեցնելով մեր պապերի, հայրերի ու եղբայրների սխրանքը, ովքեր Հայրենական պատերազմում ու Արցախյան ազատամարտում իրենց կյանքը չխնայեցին մեր լինելիության համար։ Այդ մասին ասված է Էջմիածնի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:
«Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամները, թիվ N զորամասի սպայական անձնակազմի անդամներն ու զինծառայողները, ի երախտագիտություն Հայրենական ու Արցախյան պատերազմներում իրենց կյանքը զոհած հայորդիների, ծաղիկներ խոնարհեցին համայնքապետարանի հարակից պուրակի Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձանին և «Անմար կրակ» հուշահամալիրում:
Օրվա սկզբում համայնքապետը այցելեց նաև մարզկենտրոն Արմավիր, որտեղ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի և Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի առաջնորդությամբ մասնակցեց տոնական երթին։
Երթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատագրական պատերազմում անհայտ կորած և զոհված զինվորներին նվիրված հուշարձանին և քաղաքային զբոսայգու Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշակոթողին, շնորհավորել վետերաններին տոնական օրվա առթիվ։
Փա՜ռք մեր բոլոր հերոս զավակներին»,- նշված է գրառման մեջ: