ԶՈՐԱՀԱՆԴԵՍ ԿԱՐՄԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-ամյակին նվիրված զորահանդեսը։
Երթին մասնակցել է 11.000 զինծառայող, ներգրավվել 131 միավոր ռազմական տեխնիկա։ Զորահանդեսին մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ուղերձով դիմել ժողովրդին։ Նա անդրադարձել է նաև Ուկրաինայում հատուկ գործողությանը։
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ռուսաստանը միշտ հանդես է եկել հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի ստեղծման օգտին։ Անցյալ տարվա դեկտեմբերին մենք առաջարկեցինք անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագիր կնքել։ Արևմուտքը չցանկացավ մեզ լսել։ Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված տվեց ագրեսիային։ Դա հարկադրված և միակ ճիշտ որոշումն էր։
Օրվա հետ կապված ուղերձով է հանդես եկել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Փետրվարի 24-ին մենք լսեցինք՝ նորի՛ց։ Երկրորդ համաշխարհային պատերազմից տասնամյակներ անց խավարը վերադարձավ Ուկրաինա: Դա հասկանում են բոլոր երկրներն ու ժողովուրդները, որոնք այսօր աջակցում են Ուկրաինային։ Որովհետև նրանք հիշում են՝ ինչի համար և ինչի դեմ են պայքարել մեր նախնիները։ Այսօր՝ Հիշատակի և հաշտության օրը, մենք խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր պաշտպանեցին իրենց հայրենի հողն ու աշխարհը նացիզմից։ Ճշմարտությունը կհաղթի։ Եվ մենք ամեն ինչ կհաղթահարենք:
ՇԱՌԼ ՄԻՇԵԼԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՕԴԵՍԱ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այցելել է Օդեսա՝ նշելու Եվրոպայի օրը։ Այդ մասին նա հայտնել է Թվիթերի միկրոբլոգում։ Միշելը խոստացել է շարունակել աջակցություն տրամադրել Կիևին, ընդգծել՝ Եվրամիությունը ուկրաինացիների կողքին է։
Միության երկրները մայիսի 8-ին նշում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, իսկ մայիսի 9-ին՝ Եվրոպայի օրը։ 1950 թվականին ընդունվել է Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբերտ Շումանի հռչակագիրը, որը համարվում է եվրոպական ինտեգրման գործընթացի հիմնաքարերից մեկը։
ԿԻԵՎԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ. ՄԱԿՐՈՆ
Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության համար կարող են տարիներ պահանջվել, նույնիսկ՝ տասնամյակներ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում Եվրոպայի ապագային նվիրված համաժողովում։
Էմանուել Մակրոնը, այնուհանդերձ, նշել է՝ Ուկրաինան արդեն եվրոպական ընտանիքի անդամ է։ Եվրոպական գործընթացներին Կիևի մասնակցությունն արագացնելու համար Ելիսեյան պալատի ղեկավարն առաջարկել է «եվրոպական քաղաքական համայնք» ստեղծել, որի մի մասնիկն էլ կարող է դառնալ Ուկրաինան։
«Մենք պետք է ամեն գնով պահպանենք խաղաղությունը Եվրոպայում և խուսափենք Ուկրաինայում էսկալացիայից»,- համոզմունք է հայտնել նա, կոչ արել պահպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Մակրոնը հավելել է նաև, որ Կիևը պետք է որոշի՝ ինչ պայմաններում անցկացնել Մոսկվայի հետ բանակցությունները։
«Մենք Ռուսաստանի դեմ չենք պատերազմում: Պետք է թույլ չտանք, որ հակամարտությունը տարածվի Եվրոպայի մյուս շրջաններում։ Մենք պետք է խաղաղություն կառուցենք բանակցությունների սեղանի շուրջ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ»,- հավելել է նախագահը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտնել էր, որ պաշտոնական Կիևն արդեն լրացրել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու վերաբերյալ հարցաշարի երկրորդ մասը:
Եվրահանձնաժողովից հայտնում են, որ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման հարցով որոշումը կկայացվի հունիսին:
ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՌԴ-Ի ՀԱՐՑՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԵՆ
Հակառուսական պատժամիջոցների հարցում ԵՄ երկրները միասնական չեն՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այդ հարցում առաջատարն է և անում է ավելին, քան մյուս երկրները։ Նախագահն ընդգծել է նաև Մեծ Բրիտանիայի էական աջակցությունը։
Մինչ այդ, Bloomberg-ի փոխանցմամբ, ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչներին նախօրեին չի հաջողվել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ, մասնավորապես՝ Հունգարիայի դիրքորոշման պատճառով, որը դեմ է ռուսական նավթի էմբարգոյին։ Նշվում է նաև, որ Եվրամիությունը կարող է թուլացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթով նախատեսված սահմանափակումները, մասնավորապես՝ ԵՄ-ին պատկանող նավերով երրորդ երկրներ ռուսական նավթ փոխադրելու արգելքը։
ՏԱՐՀԱՆՈՒՄ «ԱԶՈՎՍՏԱԼԻՑ»
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է՝ «Ազովստալից» տարհանվել են բոլոր կանայք, երեխաները և տարեցները։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ տեղեկացրել է, որ գործարանից և Մարիուպոլի շրջաններից տարհանվել է շուրջ 170 խաղաղ բնակիչ։
Նրա խոսքով՝ սա «Ազովստալից» խաղաղ բնակիչների տարհանման վերջին գործողությունն էր։ Ազովի գնդի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարը հայտնել է, որ շրջափակման մեջ գտնվող «Ազովստալում» իրավիճակն աղետալի է։ Նրա խոսքով՝ գործարանի տարածքում կա շուրջ 600 վիրավոր ուկրաինացի զինծառայող, և նրանց թիվն օրեցօր ավելանում է։
ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄ ՇՐԻ ԼԱՆԿԱՅՈՒՄ
Շրի Լանկայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել երկրի ողջ տարածքում։ Մայրաքաղաք Կոլոմբոյում բախումներ են տեղի ունեցել կառավարության կողմնակիցների և հակառակորդների միջև։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։ Վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ։
Երկրում արդեն մի քանի ամիս շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին վարչապետ Մահինդան Ռաջապակսան հրաժարական է տվել․ օրեր առաջ նախագահ Գոթաբայա Ռաջապակսան հայտարարել էր, որ դա կարող է նպաստել ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը։ Երկրում իրավիճակը բարդացել է երկարատև տնտեսական ճգնաժամի պատճառով։