ՌԴ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ
Այսօր նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-ամյակը, ինչի առիթով Ռուսաստանի նախագահը հանդես է եկել ուղերձով՝ դիմելով ժողովուրդին և ողջ աշխարհին։
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Սրտանց շնորհավորում եմ մեր ընդհանուր մեծ տոնի՝ Հաղթանակի օրվա առթիվ։ Հանուն դրա տված անհամար զոհողությունները դարձել են մեր կյանքի ու ազատության գրավականը։ Դա անհնար է մոռանալ։ Ցավոք, այսօր նացիզմը կրկին գլուխ է բարձրացնում։ Մեր սուրբ պարտքն է՝ կանխել Հայրենական մեծ պատերազմում պարտվածների գաղափարական ժառանգների վրեժը։ Հայրենական մեծ պատերազմի ուկրաինացի վետերաններին մաղթում եմ քաջառողջություն և երկարակեցություն, իսկ Ուկրաինայի ժողովրդին՝ խաղաղ և արդար ապագա։
Հաղթանակի ավանդական շքերթի մեկնարկից առաջ իր ելույթում էլ ՌԴ նախագահն անդրադարձել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը, նշել՝ Մոսկվան բազմիցս դիմել է Արևմուտքին և հորդորել երկխոսություն սկսել, բայց ապարդյուն։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները պայքարում են Դոնբասի ժողովրդի և հայրենիքի անվտանգության համար։
Օրվա հետ կապված ուղերձով է հանդես եկել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Փետրվարի 24-ին մենք լսեցինք՝ նորի՛ց։ Երկրորդ համաշխարհային պատերազմից տասնամյակներ անց խավարը վերադարձավ Ուկրաինա: Դա հասկանում են բոլոր երկրներն ու ժողովուրդները, որոնք այսօր աջակցում են Ուկրաինային։ Որովհետև նրանք հիշում են՝ ինչի համար և ինչի դեմ են պայքարել մեր նախնիները։ Այսօր՝ Հիշատակի և հաշտության օրը, մենք խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր պաշտպանեցին իրենց հայրենի հողն ու աշխարհը նացիզմից։ Ճշմարտությունը կհաղթի։ Եվ մենք ամեն ինչ կհաղթահարենք:
ՏԱՐՀԱՆՈՒՄ «ԱԶՈՎՍՏԱԼԻՑ»
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է՝ «Ազովստալից» տարհանվել են բոլոր կանայք, երեխաները և տարեցները։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, իր հերթին, տեղեկացրել է, որ գործարանից և Մարիուպոլի շրջաններից տարհանվել է շուրջ 170 խաղաղ բնակիչ։
«Մայիսի 8-ին նրանք ժամանել են Զապորոժիե։ Շնորհակալ եմ այս բարդ գործողության բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարներին, ՄԱԿ-ի և Կարմիր խաչի աշխատակիցներին»,- նշել է Անտոնիու Գուտերեշը։
Նրա խոսքով՝ սա «Ազովստաիցլ» խաղաղ բնակիչների տարհանման վերջին գործողությունն էր։
Ազովի գնդի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարը հայտնել է, որ շրջափակման մեջ գտնվող «Ազովստալում» իրավիճակն աղետալի է։ Նրա խոսքով՝ գործարանի տարածքում կա շուրջ 600 վիրավոր ուկրաինացի զինծառայող, և նրանց թիվն օրեցօր ավելանում է։
G7-Ը ԱՋԱԿՑՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
«Մեծ յոթնյակի» երկրները հանդես են գալիս ռուսական էներգակիրների կախվածությունից աստիճանաբար ազատվելու օգտին՝ ասված է G7-ի առաջնորդների հայտարարության մեջ, որն ամփոփում է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ կայացած տեսակոնֆերանսի արդյունքները: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն միացել է հանդիպմանը Ուկրաինայից՝ Զելենսկու հետ բանակցություններից հետո։
«Մենք երաշխավորում ենք, որ դա կանենք ժամանակին և այնպես, որ աշխարհն այլընտրանքային մատակարարումների հնարավորություն ունենա։ Միացյալ Նահանգներն արդեն արգելել է ռուսական նավթի, գազի և ածուխի ներմուծումը: Կշարունակենք միջոցներ ձեռնարկել ռուսական բանկերի և ֆինանսական հատվածի, ռուսական էլիտայի դեմ»,- ասված է փաստաթղթում։
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Կանադայի առաջնորդները հավաստիացրել են՝ կապահովեն Ուկրաինայի «ժողովրդավարական ապագան», կընդլայնեն Կիևին ֆինանսական աջակցությունը, կաշխատեն երկրի վերականգնման ուղղությամբ և թույլ չեն տա Ռուսաստանի հաղթանակը։
G7-ի հայտարարությանն արձագանքել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը․ «Սա կարելի է որակել որպես ՌԴ ԶՈՒ հատուկ ռազմական գործողության հաջողության ճանաչում»,- նշել է նա։
ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ
Հակառուսական պատժամիջոցների հարցում ԵՄ երկրները միասնական չեն, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այդ հարցում առաջատարն է և անում է ավելին, քան մյուս երկրները։ Նախագահն ընդգծել է նաև Մեծ Բրիտանիայի էական աջակցությունը։
Մինչ այդ, Bloomberg-ի փոխանցմամբ, ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչներին նախօրեին չի հաջողվել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ, մասնավորապես՝ Հունգարիայի դիրքորոշման պատճառով, որը դեմ է ռուսական նավթի էմբարգոյին։ Բուլղարիան նույնպես դեռևս պատրաստ չէ հրաժարվել ռուսական մատակարարումներից։ Ակնկալվում է, որ բանակցությունները կվերսկսվեն առաջիկա օրերին։
ԲԱՅԴԵՆԻ ԿԻՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱ
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը այցելել է Ուկրաինա։ Սպիտակ տան փոխանցմամբ՝ Ջո Բայդենի կինն այնտեղ մնացել է մոտ 2 ժամ։ Նա հանդիպել է Ուկրաինայի նախագահի կնոջ՝ Ելենա Զելենսկայայի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում։
Սպիտակ տնից հաղորդում են նաև՝ Ջո Բայդենը դեռևս չի պատրաստվում այցելել Կիև։