«Մեծ Յոթնյակի» ղեկավարները տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել են ռուսական էներգառեսուրսների կախվածությունից աստիճանաբար ազատվելու մտադրության մասին։ Խոսքն առաջին հերթին ներմուծման փուլային սահմանափակման կամ Ռուսաստանից նավթ գնելու արգելք մտցնելու մասին է։
G7-ի երկրները խոստացել են, որ աշխատելու են գործընկերների հետ՝ ապահովելու կայուն էներգիայի մատակարարում և սպառողների համար մատչելի գներ: G7-ը պատրաստվում է նվազեցնել կախվածությունը հանածո վառելիքից և անցնել մաքուր էներգիայի:
«Մենք երաշխավորում ենք, որ դա կանենք ժամանակին և այնպես, որ աշխարհն այլընտրանքային մատակարարումների հնարավորություն ունենա։ Միացյալ Նահանգներն արդեն արգելել է ռուսական նավթի, գազի և ածուխի ներմուծումը»,- ասված է կոնֆերանսում արված հայտարարությունում:
Բացի դրանից՝ G7-ը նախատեսում է մեծացնել պատժամիջոցներով ճնշումը Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում՝ սահմանափակումներ մտցնել ռուսական «ֆինանսական էլիտայի և նրանց ընտանիքների անդամների» դեմ։
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի առաջնորդները հավաստիացրել են, որ կապահովեն Ուկրաինայի «ժողովրդավարական ապագան», կընդլայնեն Կիևին ֆինանսական աջակցությունը, կաշխատեն երկրի վերականգնման ուղղությամբ։
G7-ը որոշել է ընդլայնել կարճաժամկետ ֆինանսական օգնությունը Կիևին, խոստացել է 24 միլիարդ դոլար տրամադրել 2022 թվականի ընթացքում և դրանից հետո: Ուկրաինայի իշխանությունների և միջազգային ֆինանսական կառույցների հետ միաժամանակ քննարկվում է երկարաժամկետ վերականգնմանն աջակցելու հարցը։