Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, որ 2020 թվականի ապրիլից գործել է բացառապես որպես քովիդ-կենտրոն, մայիսի 16-ից վերադառնալու է բնականոն աշխատանքին՝ դարձյալ դառնալով բազմապրոֆիլ բուժհաստատություն:
Պետրոս Մանուկյան (Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն) - Հիվանդանոցային մասը նախատեսվեց բացառապես քովիդ վարակով ախտահարված հիվանդների բուժման համար: Կարելի է ասել՝ այս երկու տարվա ընթացքում բժշկական կենտրոնում հիմնականում սպասարկվում են ծանր, ծայրահեղ ծանր հիվանդները՝ բազմաթիվ ուղեկցող հիվանդություններով, բազմաթիվ բարդություններով քովիդ ախտահարված հիվանդները:
Երկու տարվա ընթացքում բժշկական կենտրոնը սպասարկել է շուրջ 32 հազար պացիենտի: Ընդունված հիվանդների մոտ 23 տոկոսը վերակենդանացման բաժանմունքում բուժվելու կարիք է ունեցել: Քովիդի համավարակը մարտահրավեր էր բոլոր երկրների բուժաշխատողների համար՝ հիվանդության ընթացքով, բարդություններով, անկանխատեսելի հետևանքներով: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անձնակազմի համար էլ սա մեծ փորձառություն էր:
Պետրոս Մանուկյան - Կարելի է ասել՝ քովիդի ընթացքում մեր անձնակազմը կոփվեց, մեր աշխատողների մեջ հոգատարությունը, սրտացավությունը հիվանդի հանդեպ ավելի բարձրացավ, աշխատանքի ժամային գրաֆիկի հետ կապված՝ մենք չէինք տեսնում ո՛չ շաբաթ, ո՛չ կիրակի, ո՛չ գիշեր, ո՛չ ցերեկ: Այդ ընթացքում մենք առաջինը՝ սովորեցինք աշխատել էքստրեմալ պայմաններում՝ էքստրեմալ ժամային և աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկում, և ամենակարևորը՝ ձեռք բերել թիմային հզոր աշխատանքային փորձ:
Մեր այցելության պահին բուժհաստատությունում կար քովիդով վարակված շուրջ 30 հիվանդ: Սպասվում է, որ առաջիկա օրերին նրանց բուժումն էլ կավարտվի, և դուրս կգրվեն: Եթե մինչև բազմապրոֆիլ կենտրոն դառնալը դեռ ստացիոնար բուժման կարիք ունեցողներ լինեն, նրանց վերաբերյալ կկայացվի առանձին որոշում:
Բուժկենտրոնը նախորդ երկու տարիներին քովիդի համավարակին զուգընթաց վերանորոգվել ու վերազինվել է գերժամանակակից սարքավորումներով, համալրվել բարձր որակավորմամբ մասնագետներով՝ պացիենտներին նոր մակարդակի բուժօգնություն առաջարկելու նպատակով:
Քովիդով վարակվածներին հոսպիտալացնելու համար այսուհետ կգործի միայն երկու կենտրոն, քանի դեռ նոր ալիք կամ նոր սպառնալիք չկա:
Արտակ Ջումայան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Այս պահին, բացի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծ մասնաշենքից՝ գործում է Ավան կլինիկայի մասնաճյուղը, որը Սուրբ Գրիգոր Լուսավորիչի կազմի մեջ է, և Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը:
Սպիտակի բժշկական կենտրոնում էլ դեռ շարունակում են բուժվել քովիդով հոսպիտալացվածները, բայց նոր հիվանդներ չեն ընդունվում: Նախարարի տեղակալն ընդգծում է՝ համավարակը չի վերացել, և առողջապահության համակարգը պատրաստ է նոր ալիքի դեպքում արագ արձագանքել իրավիճակին:
Հեղինակ՝ Աննա Զախարյան