Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն այս տարի նշվում է 130 երկրում: Ռուսաստանի արտգործնախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ 88 երկրում լինելու է «Անմահ գնդի» երթ: Հայաստանում այն մեկնարկել է Կասկադից: Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մոտ մեծ ու փոքր հավաքվել են՝ հարգելու Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը:
Գրիգոր Առուստամյան - Ես՝ որպես Սովետական Միությունում ծնված մարդ, հորս հիշատակի համար անցած տարի նույնիսկ մենակ եմ գնացել: Եկել եմ, Օպերայից մինչև նախկին Կիրովի այգի քայլելով գնացել, որովհետև ամենալավ դաստիարակությունը անձնական օրինակն է:
Աշտարակից Երևան եկած Շուշանիկի կրծքին Գեորգիևյան ժապավենն է, ձեռքին՝ պատերազմի դաշտում ֆաշիզմին հաղթած պապի լուսանկարը:
Շուշանիկ Գյուլամիրյան - Ես այս լուսանկարով առաջին անգամ չի, որ մասնակցում եմ: Նույնիսկ Մոսկվայի «Բիսմերտնի պոլկին» եմ մասնակցել և աշխատում եմ, երբ կա էդ հավաքը, անպայման պապիկիս հետ հաղթական անցնեմ: Էս զեթը նշանակում ա, որ նացիստներին հաղթել ա:
Անուշն էլ Ֆրանսիայից է եկել, որ Հայաստանում ամուսնանա: Պապը՝ Գառնիկ Պետրոսյանը, վիրավորվել է հայրենական պատերազմում: Ասում է՝ ամեն տարի Ֆրանսիայում յուրովի է պատրաստվում մայիսի 9-ին և Հայաստանում չէր կարող անտարբեր անցնել:
Անուշ Սիմոնյան - Էս գլխարկը ես մի քանի տարի առաջ Ռուսաստանում էի, տոնի ժամանակ անպայման վերցրի՝ ի հիշատակ, ու էս ամենով ներկա եմ: Ուզում եմ ասել, որ մենք հիշում ենք, երբևիցե չենք մոռանա, թե ինչպես մեր պապերը մեզ թույլ տվեցին այսօրվա օրով լինենք, էս հողի վրա ապրենք:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձին «Միասին» երիտասարդական շարժումն առաջին անգամ «Հաղթանակ» զբոսայգի հասնում է Կասկադի բարձունքը հաղթահարելով:
Կարեն Մաճկալյան («Միասին» երիտասարդական շարժման մասնակից) - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միասնաբար Խորհրդային Միության ժողովուրդն այս դրոշի տակ հաղթեց ֆաշիզմին, և մենք փորձեցինք այսօր ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալ, որ երբ Խորհրդային Միության ժամանակ ամբողջ ազգերը միասին էին, մենք կարողացանք հաղթահարել ֆաշիզմին:
Երթի մասնակիցների մեջ նաև ազգությամբ ռուսներ կան: Ասում են՝ շատ պարտավորեցնող է տեսնել, թե ինչպես են բարեկամ հայերը նշում այս տոնը:
Երթի մասնակիցները հասնում են Հաղթանակ զբոսայգի, ծաղիկներ դնում Անմար կրակի մոտ: Այս քայլերթը Հայաստանում անցկացվում է 2016 թվականից: