Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ մայիսի 8-ին Օմանում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսաիդիին։
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Ալբուսաիդին նշել է, որ Օմանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Նախարարը կարևորել է Հայաստանի դերակատարությունը Հարավային Կովկասում։
Առանձնազրույցի ընթացքում դեսպան Հր. Փոլադյանը ներկայացրել է հայ-օմանյան հարաբերությունների զարգացման ներկա փուլը՝ առաջարկելով մոտ ապագայում ստորագրել մոտ մեկ տասնյակ փաստաթուղթ, որոնք վերջին ժամանակաշրջանում բանակցվել են, սակայն չեն կնքվել։
Զրույցի ավարտին կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը։
Նույն օրը դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Օմանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։