Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող առաջնության 89 կգ քաշայինների պայքարում Գրիգորյանը երկամարտի 340 կգ արդյունքով (155 + 185) դարձել է արծաթե մեդալակիր: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Պոկում վարժությունում Սուրեն Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 155 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում 185 կգ արդյունքով դարձյալ արժանացել է փոքր բրոնզին:
Ոսկե մեդալակիր է դարձել Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Դոմբրովսկին (345 կգ), իսկ բրոնզե մեդալը նվաճել է եգիպտացի Գամալ Մոհամեդը (339 կգ):
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանը պոկում վարժությունն ավարտել է՝ գլխավերևում պահելով 145 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում պատվիրել է 190 կգ, բայց, երեք մոտեցումն էլ ձախողելով, զրո է ստացել և անմասն մնացել մեդալներից:
Ավելի վաղ երիտասարդների ԱԱ-ում Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Գառնիկ Չալոյանը, իսկ 67 կգ քաշային Գոռ Սահակյանն էլ դարձել էր բրոնզե մեդալակիր: