Ազգային պարկեր, բնության հուշարձաններ, արգելավայրեր ու արգելոցներ՝ բնության հատուկ պահպանվող տարածքներին կավելանա ևս մեկը՝ համայնքային պաշտպանվող լանդշաֆտ տեսակը: Դրանք հիմնականում կտնօրինեն համայնքները:
Ոսկեհատ Գրիգորյան (ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության վարչության պետ) - Հնարավորություն կընձեռի համայնքներին իրենց տարածքներում կազմակերպելու փոքր բնության հատուկ պահպանվող տարածքներ, իրականացնել դրանց պահպանումը համայնքի շրջանակներում, կազմակերպել զբոսաշրջության, էկոտուրիզմի աշխատանքներ:
Համայնքային պահպանվող լանդշաֆտները նաև անհրաժեշտ են բնության պահպանվող մեկ տարածքից այլ տարածք կենդանիների տեղաշարժի համար: Որպես լանդշաֆտի հաջողված փորձ` մասնագետներն առանձնացնում են Վայոց ձորի մարզում գործող «Արփա» լանդշաֆտը:
Հայաստանում տարեցտարի կենդանական աշխարհը բազմազան է դառնում: Այդ մասին են վկայում նաև այս տարվա ֆոտոբռնիչ սարքերի կադրերը, որոնք պահպանվող տարածքներում վերջին շրջանում ավելի հաճախ են նկարահանում եվրոպական այծյամների, վայրի խոզերի, ընձառյուծների առանձնյակների:
Այս կենդանատեսակների հայտնվելն արդեն վկայում է, որ Հայաստանը ոչ միայն կենդանիների տեղաշարժի խաչմերուկ է, այլև հայկական բնաշխարհը գրավիչ է դարձել վայրի կենդանիների համար:
Ոսկեհատ Գրիգորյան - Ընձառյուծը համարվում է էկոհամակարգերի գագաթը՝ սնման շղթայի գագաթը, և գագաթում գտնվող կենդանին արդեն վկայում է իրենից ներքև գտնվող տեսակների առկայության մասին: Մենք կարող ենք փաստել, որ եթե ընձառյուծը հայտնվել է Խոսրովի արգելոցում, տևական ժամանակ չի լքում տարածքը, հետևաբար առկա է նրա սննդի միջավայրը:
Ընձառյուծ է հայտնվել նաև Տավուշում: Ըստ մասնագետների՝ վերջին 50 տարում առաջին անգամ: