Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում խուզարկություններ են իրականացվել տվյալ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց բնակության վայրերում:
Կատարված խուզարկությամբ 2022 թ. մայիսի 6-ին ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ.-ի բնակության վայրում հայտնաբերվել են ձեռագիր գրառումներով նոթատետրեր, որոնք բովանդակել են 2021 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ:
Ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 154.9-րդ հոդվածի 1-ին մասով:
Ըստ քրեական գործի նյութերի` նոթատետրերի զննությամբ պարզվել է, որ դրանցում, մասնավորապես, ներառված են ձեռագիր նշումներ 2021 թ. հունիսի 20-ին ՀՀ-ում անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ նույն թվականի հունիսի 4-ից հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում ՀՅԴ Գերագույն մարմնից, ՀՅԴ մարզային կառույցից ու դրա նախընտրական շտաբից հատկացված դրամական միջոցների և նշված ժամանակահատվածում բազմաթիվ անձանց միջինը 15 000-20 000-ական, ընդհանուր` շուրջ 6 470 000 ՀՀ դրամի գումարներ բաշխելու վերաբերյալ: Ի դեպ, ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՅԴ կուսակցությունը մասնակցել է «Հայաստան» դաշինքի կազմում, և ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում կուսակցության աշխատանքները համակարգվել են Արմավիր քաղաքում գործող գրասենյակից` Ա. Մ.-ի կողմից:
Բացի դրանից՝ նոթատետրերում առկա են ձեռագիր գրառումներ նաև 2021 թ. դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզում անցկացված ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ 2021 թ. նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՅԴ Գերագույն մարմնից, ՀՅԴ մարզային կառույցից ու դրա նախընտրական շտաբից հատկացված դրամական միջոցների և նշված ժամանակահատվածում բազմաթիվ անձանց 5 000-20 000-ական, ընդհանուր` շուրջ 3 513 000 ՀՀ դրամի գումարներ բաշխելու վերաբերյալ:
ՀՀ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու մասին են փաստում, մասնավորապես, նոթատետրերում տարբեր անձանց տվյալների դիմաց կատարված` «ՀԱՏԿԱՑՈՒՄ ԳՄ-ից», «ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՄԿ-ից» և «ՀԱՏԿԱՑՈՒՄ ՇՏԱԲԻՑ» ձեռագիր գրառումներն ու ընտրակաշառք տալու և ստանալու հաշվարկները:
Հաշվի առնելով քրեական գործով մեծածավալ և անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը` Հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավվել են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչները:
Խուզարկություններ են կատարվել ՀՅԴ կուսակցության Արմավիրի մարզում տեղակայված մի շարք գրասենյակներում, ինչպես նաև նույն մարզային կառույցի տասնյակից ավելի անդամների, այդ թվում` գրասենյակների համակարգողների և նախընտրական քարոզարշավներում ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ անձանց բնակարաններում: Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր ցուցակներ, այդ թվում` գումարային նշումներով: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` հիշյալ ցուցակներում ներառված անձանց ինքնությունը պարզելու, նույնականացնելու, ինչպես նաև կաշառք ստանալու և տալու դեպքերի հանգամանքներն ու դրանց առնչված անձանց պարզելու ուղղությամբ: