Վաշինգտոնը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմամբ և այդ հարցում ողջունում է Հայաստանի ջանքերը: ԱՄՆ-ն սատարում է նաև Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների գործընթացին:
Սրանք էին գլխավոր ուղերձները, որոնք հնչեցին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում:
Այցի գլխավոր հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ էր:
Ամերիկացի պաշտոնյայի գնահատմամբ՝ Հայաստանը խիզախություն և ճկունություն է դրսևորում Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացում:
Վաշինգտոնը աջակցում է նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: