Ավտոճանապարհը փակելու ընդդիմության նախաձեռնության ընթացքում վիրավորանք հասցնելու և ծեծի դեպքի առիթով Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Մայիսի 5-ին կազմակերպված հավաքի մասնակիցը կալանավորվել է: Քննչական կոմիտեն շարունակում է հավաքի երկու մասնակիցների կողմից Երևանի Աթենք և Իսակով փողոցների հատման խաչմերուկում խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առիթով քննվող քրեական գործի նախաքննությունը:
Իրավապահները պարզել էին ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, որոնք ձերբակալվել էին: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Իրավապահ կառույցում քրեական գործ կա նաև վիրավորանք հասցնելու և ծեծի դեպքի առթիվ:
Քննչական կոմիտեն հայտնել է, որ Զոլաքար բնակավայրի վարչական ղեկավարը հաղորդում է տվել մայիսի 5-ին Երանոս գյուղի մոտ իր համագյուղացու և նրա եղբոր հետ վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ:
Պարզվել է՝ մայիսի 5-ին Մարտունի-Սևան ավտոճանապարհի Երանոս բնակավայրի հատվածում մի խումբ քաղաքացիներ անհնազանդության ակցիա իրականացնելու նպատակով փակել են ավտոճանապարհը: Այդ ժամանակ ճանապարհ բացելու պահանջով վիճաբանություն է առաջացել այդ պահին Երևան մեկնող Զոլաքար բնակավայրի վարչական ղեկավարի և համագյուղացու միջև, որն ուղեկցվել է ծայրահեղ անպարկեշտ վիրավորանքներով ու հայհոյանքներով: Վեճին միջամտել է նաև համագյուղացու եղբայրը, որը գլխով հարվածել է վարչական ղեկավարի դեմքին:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել ծանր վիրավորանք հասցնելու և ծեծի դեպքի առիթվ հարուցված քրեական գործը:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նաև հավաքին մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով: Քննություն է տարվում՝ ընդդիմության կազմակերպած հավաքին մասնակցելուն հարկադրելու, այն է՝ Երևան քաղաքի մի շարք երթևեկելի հատվածներ բեռնատարներով առերևույթ հարկադրաբար փակելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Համացանցում տեղեկություն և տեսանյութ էր տարածվել՝ մայիսի 4-ին վարորդներին առերևույթ ստիպելու միջոցով Կիևյան և Դավիթաշեն կամուրջների երթևեկելի հատվածները, նաև մի շարք փողոցներ բեռնատարներով փակելու վերաբերյալ, որի հետևանքով խաթարվել է բնականոն երթևեկությունը, և քաղաքացիները զրկվել են երթևեկելու հնարավորությունից: Իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ՝ հրապարակման մեջ մատնանշված հանգամանքները ստուգելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: