Ելիսեյան պալատն այսօր արտասովոր մարդաշատ էր. Փարիզի սրտում տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը: Էմանուել Ժան Միշել Ֆրեդերիկ Մակրոնն այսօր ևս հինգ տարով ստանձնեց նախագահի պաշտոնը: Հանդիսավոր արարողության հյուրերի թիվը գերազանցում էր 450-ը. միջոցառման մեկնարկից րոպեներ առաջ հանդիսության վայր ժամանեցին նաև Ֆրանսիայի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Նիկոլա Սարկոզին: Այս տարի նախագահի երդմնակալությունը տարբերվում էր 5 տարի առաջ տեղի ունեցած արարողությունից՝ միջոցառմանն ավելի քիչ ժամանակ էր հատկացված, ծրագրով նախատեսված չէր շրջել Ելիսեյան դաշտերում, Փարիզի քաղաքապետարանում: Արարողությունը սկսվել է Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսի արարողակարգային տեքստով:
Լորան Ֆաբիուս (Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ) -
2022 թվականի ապրիլի 24-ին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, Դուք ստացել եք 18 միլիոն 678.639 քվե՝ ձայների բացարձակ մեծամասնությունը։ Ուստի, Սահմանադրական խորհուրդը ձեզ հռչակում է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ՝ հինգ տարի ժամկետով. պաշտոնը ստանձնելու եք մայիսի 14-ին:
Ֆաբիուսն իր ելույթում ընդգծել է Մակրոնի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերը՝ ճգնաժամն Ուկրաինայում և Եվրոպայի անվտանգության մարտահրավերները, կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրներն ու «ժողովրդավարության և սոցիալական արդարության մարտահրավերները»: Սահմանադրական խորհրդի նախագահի ելույթից հետո Ֆրանսիայի ամենահեղինակավոր և բարձրաստիճան զինվորականներից Բենուա Պուգան Մակրոնին հռչակել է Ֆրանսիայի նախագահ: Արարողակարգի հաջորդ քայլով Էմանուել Մակրոնը ստորագրել է փաստաթուղթ՝ դառնալով Ֆրանսիայի 25-րդ նախագահը:
Պաշտոնը ստանձնելուց հետո Ֆրանսիայի վերընտրված նախագահը համբուրել է կնոջ ձեռքն ու ընդունել հյուրերի շնորհավորանքները: Երդմնակալությունից հետո առաջին ելույթում Ելիսեյան պալատի ղեկավարը խոստացել է անել ամեն հնարավորը, որպեսզի երկիրն ավելի անկախ լինի ու կարողանա «ֆրանսիական և եվրոպական պատասխան տալ դարի մարտահրավերներին»:
Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ) - Ես գիտակցում եմ մեր ժամանակների ամբողջ ծանրությունը, ինչպես նաև Եվրոպայում պատերազմից մինչև համավարակ, կլիմայական արտակարգ իրավիճակ, այլ ճգնաժամեր. հազվադեպ է եղել, որ մեր երկիրը ստիպված լինի դիմակայել այսօրինակ մարտահրավերների: Նոր դարաշրջանը լինելու է վճռական գործողությունների ժամանակաշրջան մեր երկրի և Եվրոպայի համար: Մենք առաջին հերթին կգործենք Ուկրաինայի ներխուժումից հետո էսկալացիայից խուսափելու համար՝ օգնելով ժողովրդավարությանը և քաջությանը՝ հաղթելու: Մենք կառուցելու ենք նոր եվրոպական խաղաղություն և նոր ինքնիշխանություն մեր մայրցամաքում:
Մակրոնը խոստացել է, որ Ֆրանսիան դարձնելու է բնապահպանական մեծ ուժ՝ վերափոխելով բոլոր ոլոտները՝ առողջապահությունից մինչև կրթություն՝ իր առջև դրված էկոլոգիական խնդիրները հաղթահարելու համար: Ելույթի վերջում Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի ժողովրդին՝ խոստանալով արդարացնել բոլորի հույսերն ու սպասելիքները:
Էմանուել Մակրոն - Պարտական եմ ֆրանսիացի ժողովրդին՝ վստահության համար: Այս վստահությունը, որը շատ փխրուն է և վիճարկվում է ամեն առավոտ, մեր ազատության համակարգի հիմքն է: Այս մանդատը ստանձնելուց հետո յուրաքանչյուր օր ես կունենամ միայն մեկ կողմնացույց՝ ծառայել:
Արարողության վերջին հատվածում, միջնադարյան ավանդույթի համաձայն, հրետանային ողջույնի 21 համազարկ է արձակվել, այնուհետև Ելիսեյան պալատում գերագույն հրամանատարին ռազմական պատիվ տալուց հետո հնչել է երկրի օրհներգը:
Էմանուել Մակրոնը պաշտոնապես իր մանդատը կստանձնի միայն այն ժամանակ, երբ կլրանա առաջինի ժամկետը՝ մայիսի 13-ի կեսգիշերին։