Օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները ու հատկապես մթնոլորտային ճնշման տատանումները հաճախ հանգեցնում են ինքնազգացողության վատացման, հետո հնարավոր է նաև՝ ավելի լուրջ խնդիրների: Թեպետ, կլիմայական առումով, այդ տատանումները բնականոն են ու մեր երկրին բնորոշ: Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասում է՝ մթնոլորտային ճնշման և օդի ջերմաստիճանի ամենակտրուկ փոփոխությունները Հայաստանում լինում են գարնան ամիսներին: Իսկ մայիսը ամենատեղումնառատն է և աչքի է ընկնում ցիկլոնների բազմազանությամբ:
Գագիկ Սուրենյան (ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Եվ քանի որ ցիկլոնում կան երկու տիրույթներ՝ օդային հոսանքների և՛ տաք հատված, և՛ ցուրտ հատված, հանրապետությունը մեկ ընկնում է տաք հատվածում, ջերմաստիճանը բարձրանում է, մեկ ընկնում է ցուրտ հատվածում, ջերմաստիճանը իջնում է, որին հաջորդում է, բնականաբար, մթնոլորտային ճնշման փոփոխությունը, որովհետև մթնոլորտային ճնշումը գծային կապի մեջ է օդի ջերմաստիճանի հետ՝ որքան ջերմաստիճանը բարձրանում է, ճնշումը նվազում է, որքան իջնում է, ճնշումը բարձանում է:
Սուրենյանն ասում է՝ մթնոլորտը մեզ վրա ճնշում է հսկայական ուժով:
Գագիկ Սուրենյան - Օդը կշիռ ունի, 1 խմ օդը 1.3 կգ է, բայց այդ կշիռը հավասարակաշռվում է մեր ներքին ճնշմամբ: Բայց այն մարդիկ, որոնք ունեն անկայուն ճնշման ռեժիմ, հիպերտոնիկ հակվածություն, արագ արձագանքում են այդ մթնոլորտային ճնշման բարձրացմանը կամ նվազմանը:
Բժիշկների պնդմամբ՝ ջերմաստիճանի ու մթնոլորտային ճնշման տատանումներից մարդու օրգանիզմում առաջացող հիմնական խնդիրը զարկերակային ճնշման տատանումներն են:
Տաթևիկ Հովակիմյան (սրտաբան) - Խոսքը հատկապես վերաբերում է զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումներին, էսպես ասած՝ հիպերտոնիկ կրիզ կոչված երևույթին, որի ժամանակ հնարավոր են ինչ-ինչ ծանր բարդություններ: Դա սրտամկանի ինֆարկտն է, ինսուլտն է՝ գլխուղեղի կաթվածը և այլ խնդիրներ՝ թրոմբոէմբոլիկ բարդություններ:
Եղանակի կտրուկ փոփոխությունները կարող են բացասաբար անդրադառնալ թե՛ քրոնիկ հիվանդություն ունեցողների և թե՛ իրենց առողջ համարող մարդկանց վրա: Այնպես որ, մասնագետը խորհուրդ չի տալիս ճնշման տատանումները պայմանավորել եղանակով ու համարել, որ առողջության համար մտահոգվելու պատճառ չկա:
Տաթևիկ Հովակիմյան - Ընդհանրապես եղանակային փոփոխությունը պատճառ չէ որևէ խնդիր ունենալու. եղանակային փոփոխությունը կարող է ազդակ հանդիսանալ, որպեսզի սկսվող խնդիրը արտահայտվի, կլինիկորեն դրսևորվի: Եթե պացիենտը եղանակային փոփոխության ժամանակ ունի ինքնազգացողության վատացման խնդիր, ապա արժի, որ հետազոտվի իր ընտանեկան բժշկի կամ առողջության առաջնային պահպանման օղակի թերապևտի կողմից և ստանա անհրաժեշտ օգնություն, որպեսզի կանխարգելվեն առաջիկա ռիսկերը, և մինիմումի հասցվի վնասակար պատահարների հավանականությունը:
Իսկ որպեսզի եղանակային փոփոխություններն էլ նվազագույն ազդեցություն ունենան առողջության վրա, սրտաբանը խորհուրդ է տալիս առողջ ապրելակերպ վարել և հրաժարվել վնասակար սովորություններից, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի չարաշահումը: Հատկապես հիմա, որովհետև գարնանը մարդու օրգանիզմի ռեսուրսները առանց այն էլ սպառված են: Իսկ հիվանդությունը կանխարգելելը ավելի հեշտ է, արդյունավետ ու պակաս ծախսատար, քան հետո բուժելը: