Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների դեմ Արևմուտքի պատասխան քայլերը կարևոր նշանակություն ունեն Չինաստանի զսպման տեսանկյունից։ Նման կարծիք է հայտնել Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին The Washington Post թերթի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ եթե համաշխարհային հանրությունն անհետևանք թողնի Ուկրաինայում Ռուսաստանի քայլերը, ապա դա կարող է կարծիք ստեղծել, որ նման գործողությունները հանդուրժելի են երկրագնդի այլ կետերում ևս, այդ թվում ՝ Հնդկական և Խաղաղ օվկիանոսների շրջանում:
Ճապոնիայի ռազմական գերատեսչության ղեկավարը Կիևին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:
Անդրադառնալով Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումներին՝ Նոբուո Կիսին նշել է, որ Ճապոնիան պետք է շարունակի իր ներուժի հզորացումը, ինչը թույլ կտա սեփական կործանիչներով հարվածներ հասցնել հնարավոր հակառակորդի պաշտպանական օբյեկտներին: