Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժումը շարունակում է անհնազանդության ակցիաները: Առավոտյան Աշտարակի խճուղու սկզբնամասից ավտոերթով ընդդիմադիրները շարժվեցին դեպի հանրապետության 3-րդ խոշոր քաղաք` Վանաձոր: Կանգառ եղավ Սպիտակ քաղաքում:
Զուհահեռ Երևանում միայն կին ընդդիմադիրները Ֆրանսիայի հրապարակից քայլերթ սկսեցին: Երթին միացել էին 44-օրյա պատերազմում զոհված տղաների մայրերից ոմանք: Քայլելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով` կանգ առան կառավարական առանձնատան մոտ:
Արեգնազ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Մենք՝ կանայքս, մայրերս, քույրերս, պայքարելու ենք այնքան, ինչքան ուժ ունենք:
Կանայք հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և փակեցին Պռոշյան փողոցը: Ընթացքում զարդեր նետեցին վարչապետի տան ուղղությամբ՝ «վերցրու» և «հեռացիր» վանկարկումներով:
Ագնեսա Խամոյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Էստեղ մենակ կանայք են, դուրս արի:
Վանաձորում ընդդիմությունը հանրահավաք արեց՝ կոչով միանալ իրենց պայքարին:
Էդուարդ Շարմազանով (ՀՀԿ ԳՄ անդամ) - Ուղիղ 104 տարի առաջ մայիս ամսին Գարեգին Նժդեհն ու Բեյ-Մամիկոնյանը ջարդ են տվել թուրքին, որ իրենց սերունդները` դուք, ապրեք հայկական Վանաձորում:
Արթուր Վանեցյանն էլ վանաձորցիներին վստահեցրեց՝ իրենց պայքարը ոչ թե իշխանության, այլ Հայաստանի փրկության համար է:
Արթուր Վանեցյան (ՀՀ ԱԺ « Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար) - Հայաստանը ոտքի է կանգնել, Արցախը ոտքի է կանգնել, հայ ժողովուրդը ոտքի է կանգնել, և բոլորս կարճ ժամանակ հետո հասնելու ենք մեր նպատակին։
Վանաձորում նաև երթ էր նախատեսված, սակայն Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ անձրևի պատճառով չեն իրականացնի: Այդ ընթացքում մայրաքաղաքում բացվեց Պռոշյան փողոցը, և կանայք շարունակեցին երթն ու տարբեր հատվածներում նստացույցերը: Արդեն երեկոյան Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը, որին հաջորդեց երթը:
«Դիմադրություն» շարժումը վաղն ավտոերթով կմեկնի Գյումրի:
Հեղինակ` Անի Օհանյան