Այս մակետում ցուցադրված շենքի շինարարությունը կմեկնարկի արդեն հունիսին: Երևանում մեկնարկում է տեխնոլոգիական միջավայրի զարգացմանը միտված խոշոր ներդրումային նախաձեռնություն: Կայացավ «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկի՝ «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնման նախագծի մեկնարկն ազդարարող միջոցառումը:
Լևոն Օհանեսյան («Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն) - «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կողմից է ուղեկցվում այս ծրագիրը, և մեր գործընկերները համարվում են մեր խոշորագույն ներդրողներից, և մենք մեծ քաջալերմամբ և հաճույքով ուղեկցում ենք և սատար ենք կանգնելու ծրագրի սահուն կայացմանը:
Տեխնոլոգիական կենտրոնը տարածաշրջանում եզակի բազմաֆունկցիոնալ համալիր է լինելու, որը 158.000 քմ ընդհանուր տարածքում ներառելու է գրասենյակային, առևտրային տարածքներ, սպորտային և գիտակրթական կենտրոններ, հանրային և վերականգնողական վայրեր: Շուրջ 1 տարի է՝ «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամն աջակցում է այս ծրագրին՝ նշում է Լևոն Օհանեսյանը:
Լևոն Օհանեսյան - Մենք ուղեկցում ենք գաղափարից սկսած՝ իրականացման բոլոր փուլերում: Կա բոլոր պետական մարմինների հետ մեկ պատուհան սկզբունքով, այսինքն՝ ներդրողը դիմում է մեզ, և մենք ուղեկցում ենք, որպեսզի ներդրողը կարիք չունենա դռնեդուռ գնալու: Մենք ուղեկցում ենք, նաև մասնակցում ենք բանակցությունների փուլում բոլոր գերատեսչությունների հետ, որպեսզի սահուն ընթանա, և զերծ մնա բյուրոկրատիայից:
Համալիրում գործելու են հյուրանոց, ավելի քան հազար մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի, իսկ ծրագրով նախատեսվող ներդրումների ծավալը կազմում է 110 մլն դոլար: Կենտրոնը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 33 հասցեում, շինարարությունը կմեկնարկի հունիսին և կտևի 4 տարի:
Արմեն Տեր-Տաճատյան («Դալան» ծրագրի ղեկավար) - Մեր ստեղծածն ունի երեք կարևորություն՝ միջավայր, տարածություն, թթվածին: Շատ կարևոր է, ծրագիրը 2016 թվականից ա գալիս, ուսումնասիրություններ, աշխատանք: Ֆիզիկական շենքի առկայությունը տեղեկատվական տեխնոլոգիաների սեկտորի զարգացման համար 70 տոկոս կարևորություն ունի:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի կարծիքով՝ կառույցն իր քաղաքաշինական նշանակությամբ և տարածքով կարող է լուրջ մասնագիտական միջավայր հավաքել իր շուրջը:
Արմեն Ղուլարյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ) - Շատ կարևոր, ժամանակակից ծրագիր է: Ծրագրին քաղաքաշինության կոմիտեն դեռևս 2020 թվականի սկզբին է անդրադարձել, քննարկել ենք կառուցապատողի հետ, հեղինակի հետ, և շատ ուրախ եմ, որ այսօր արդեն Արմեն Տեր-Տաճատյանը էսպիսի շնորհանդեսով կյանքի է կոչում արդեն ծրագիրը:
Շենքը կունենա 1 միասնական կառավարիչ, իսկ տարածքները վարձակալությամբ կտրամադրվեն:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան