«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործն առաջիկայում կգնա դատարան: Գործով այս պահի դրությամբ մեղադրվում է ցուցարար Արա Խաչատրյանը, որը դատարանի որոշմամբ կալանավորվել է:
Մարտիրոսյանը հարձակման էր ենթարկվել ապրիլի 27-ի երեկոյան՝ ընդդիմության ակցիայի մի խումբ մասնակիցների կողմից:
Արշակ Կիրակոսյան (Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ) - Ժամը 20:40-ի սահմաններում երթի մասնակիցներից Երևան քաղաքի բնակիչ Արա Ալբերտի Խաչատրյանը, նկատելով փողոցով քայլող «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին, դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ նրա հասցեին սկսել են հնչեցնել վիրավորական արտահայտություններ, մասնավորապես, վանկարկումներ են արել՝ բղավելով՝ թուրք, դավաճան և այլն:
Դրանից հետո ցուցարարներից ոմանք ջրով լցված տարաներ են նետել Արմեն Մարտիրոսյանի ուղղությամբ՝ հավելում է քննիչը:
Արշակ Կիրակոսյան - Այնուհետև Արա Խաչատրյանը մի խումբ անձանց հետ, որոնց ինքնությունը դեռ չի պարզվել, անցնելով փողոցի հակառակ մայթը, անտեսելով ոստիկանության ծառայողների ներկայությունը, սկսել է ծեծի ենթարկել Արմեն Մարտիրոսյանին: Մասնավորապես, Արա Խաչատրյանը մոտ տարածությունից ոստիկանների ստեղծած պատնեշը ճեղքելով ջրի տարայով հարվածել է վերջինիս:
Մարտիրոսյանը բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել՝ նշում է Կիրակոսյանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Արշակ Կիրակոսյան - Դեռևս չունենք փորձագետի եզրակացություն, բայց ակնհայտ պայմաններում մարմնական վնասվածքներ է ստացել, քանի որ 10 րոպե և ավելի հավաքված անձինք խուլիգանական գործողություններ են կատարել, շշեր են նետել, բռունցքներով, ոտքերով հարվածներ են հասցրել Արմեն Մարտիրոսյանին:
Այսպիսով՝ Արա Խաչատրյանը մեղադրվում է որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:
Արշակ Կիրակոսյան - Արա Խաչատրյանի մասով բավարար ապացույցների համակցությունը առկա է, և կքննարկվի վերջինիս մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու հարցը:
Մեղադրյալը, սակայն, չի ընդունում խուլիգանության շարժառիթը, նշում՝ արարքը կատարել է անձնական դրդապատճառներից ելնելով, մեր զրույցում ասաց նրա պաշտպան Հակոբ Ենոքյանը, սակայն այլ մանրամասներ չներկայացրեց:
Օպերատիվ-հետախուզական ճանապարհով ստացվել են տվյալներ նաև բռնի գործողություններին մասնակից մյուս անձանց վերաբերյալ, որոնց թիվը հասնում է 10-ի՝ հավելում է քննիչը: Ձեռնարկվում են միջոցներ՝ նրանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան