Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Դամասկոսում Գլխավոր հանձնակատարը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը ներկա են գտնվել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Դամասկոսի Հայ առաքելական և Հայ կաթոլիկ եկեղեցական թեմերի առաջնորդները, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Նորա Արիսյանը, ՍԴՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչներ, Հայ կաթողիկե միության, գործարար շրջանակների, համայնքի ակտիվ անդամներ։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, իրականացվող ծրագրերը, այս տարի կայանալիք համահայկական համաժողովը, հորդորել ակտիվ մասնակցել դրանց։
Հարցուպատասխանի ժամանակ համայնքը բարձրաձայնեց հայաստանյան բուհերում կրթաթոշակներն ավելացնելուն, Հայաստանից մշակութային խմբերի այցեր կազմակերպելուն, արևմտահայերենի պահպանմանն ու զարգացմանը, զինծառայությանն ու քաղաքացիությանը, տնտեսական, հարկային արտոնություններին, երկրի ներքին ու արտաքին դրությանը վերաբերող հարցեր։