Կարեն Թամազյան (ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ) - 22 թվականի հունվար-ապրիլ ամիսներին հավաքագրվել են շուրջ 632 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրք:
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է բյուջեի հունվար-ապրիլի հարկային եկամուտների և պետական տուրքերի մասին տվյալները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը (631.8 մլրդ դրամ) ավելի է 23.2 %-ով կամ շուրջ 119 մլրդ դրամով, 2020 թվականի հունվար-ապրիլի համեմատ՝ 26.2 %-ով կամ ավելի քան 131 մլրդ-ով, 2019-ի ցուցանիշը գերազանցում է 35.5 տոկոսով կամ ավելի քան 165 մլրդ դրամով:
Կարեն Թամազյան - Հատկանշական է հենց ապրիլ ամիսների համեմատությունը: 2022 թվականի ապրիլ ամսին հավաքագրվել է շուրջ 231.3 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է շուրջ 51.2 մլրդ դրամով: Ինչպես գիտենք, հենց ապրիլ ամիսը հանդիսանում է շահութահարկի և ռոյալթիի տարեկան հաշվարկների ներկայացման վերջնաժամկետը ներառող ամիսը, դրանով է պայմանավորված, որ մշտապես ապրիլ ամիսներին մուտքերը ավելի շատ են կազմում:
Հարկային ոլորտի մասնագետների կարծիքով՝ բյուջեի եկամուտների աճին նպաստել են գնաճը և զբոսաշրջիկների հոսքը: Սակայն տնտեսության աշխուժությունն ու ՊԵԿ-ի կողմից իրականացված վարչարարությունը ևս իրենց արդյունքը տվել են:
Էդուարդ Բադալյան («Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան ՀԿ փոխնախագահ) - Ներկայումս հարկահավաքման պրոցեսը ավելի հեշտ է այն իմաստով, որ արդեն տարիներ է՝ ինչ փոխվել է մեր հարկ վճարողների վերաբերմունքը հարկային համակարգին և պետությանն ընդհանրապես: Ու շատ կարևոր է, որ հարկային վարչարարությամբ կամ չափից դուրս վարչարարությամբ այդ վերաբերմունքը հակառակ ուղղությամբ չփոփոխվի:
Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ աճել են նաև ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով արված գործարքները. ավելի քան 178 մլն գործարքը դրամային արտահայտությամբ 2.6 տրլն է կազմում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց քանակն ավելացել է 8.7%-ով, իսկ գումարային աճը կազմել է 24.9%: Առևտրի աճը ևս մասնագետները հիմնականում պայմանավորում են տնտեսության ակտիվությամբ: Էդուարդ Բադալյանի խոսքով՝ այլ գործոններ ևս կան, ինչպես, օրինակ՝ ստվերի նվազումը:
Էդուարդ Բադալյան - Հիմա, կարծում եմ, որ ստվերի ծավալը անհամեմատ ավելի քիչ է, քան եղել է նախկինում, և դրա դեմ ՊԵԿ-ը, կարծում եմ, որ բավարար արդյունավետությամբ ամեն դեպքում աշխատում է, և այդ ցուցանիշը աստիճանաբար կրճատվում է:
Հարկերի հավաքմանը զուգահեռ՝ 4 ամսում Հայաստանի քաղաքացիներին եկամտային հարկի գծով վերադարձվել է ավելի քան 15 մլրդ դրամ, ինչը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է անգամներով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան