Նոր-նոր քայլեր անող, մարդամոտ ձագուկին առանձնահատուկ վերաբերմունք են ցույց տալիս, որ հանկարծ առողջական խնդիրներ չունենա: Կերն անգամ սովորական չէ, բացառապես կատվազգիի կաթ է խմում, այն էլ՝ իտալական:
Էդմոն Ղազարյան (կենդանաբանական այգու տնօրեն) - Իր առանձին ազատավանդակը ունի, տակը հատուկ տաքացվող սալիկ է դրված, և ամեն կերակրելուց հետո փոքրիկի փորը տրորում են, որ լավ մարսի:
Գիսանե, Գիտա, Աֆինա՝ առաջարկված երեք անունից, ֆեսյբուքյան քվեարկության արդյունքում են փոքրիկին Աֆինա կոչել: Ձագուկի ծնունդը տոն է. վերջին անգամ այգում առյուծ էր ծնվել 2011-ին: Կենդանիների համալրում առաջիկայում դեռ շատ է լինելու, նաև բազմաթիվ կենդանիներ ներմուծելու մտադրություն ունեն, հատկապես այն տեսակների, որոնք մնացել են առանց զույգի:
Էդմոն Ղազարյան - Անելու եմ հնարավորը-անհնարը, որ ունենանք միջազգային ստանդարտներին համապատասխանող այգի:
Վերջին տարիներին ամենաշատ քննարկվող կառույցներից մեկում կենդանիների անկման պակաս չի եղել: Մեկ մուֆլոնն էր սատկում, հետո ասացին՝ զեբրը թունավորվեց, եղնիկը, վագրը, գիշանգղը ևս անկեցին: Պատճառների վերաբերյալ կարծիքները տարբեր էին՝ կենդանիները վատ են սնվում, տուբերկուլոզ կա, թունավորվում են կամ հատուկ թունավորում են: Կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույծը վստահեցնում է՝ առողջական խնդիրներ ունեցող կենդանի չկա այգում:
Աննա Ասատուրյան (կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույծ) - Կենդանիների տեսքից ելնելով՝ կարող ենք ասել, որ շատ լավ վիճակում են, որովհետև եթե կենդանուն չես ապահովում նորմալ սնունդով, համապատասխան տարածքով, ո՛չ նորմալ մազածածկ է ունենում, ո՛չ իրեն նորմալ դրսևորում:
Պատասխանատուները վստահեցնում են՝ կենդանիները կենդանաբույժի մշտական հսկողության տակ են, միայն մեկ տարեց կապիկ է անկել, կենդանաբանական այգում էր դեռևս 96 թ.-ից: Այս պահին անկման եզրին է համարվում մյուս ամենատարեց վագրը՝ Գերդանը, առողջական խնդիր չունի, պատճառը տարիքն է:
Ե՛վ կենդանաբույծը, և՛ տնօրենը վստահեցնում են՝ կենդանիների սննդակարգը երկարակեցության գլխավոր երաշխիքն է, ինչի համար քայլեր ձեռնարկվում են:
Էդմոն Ղազարյան - Ժամանակին եղել է ոչ պատշաճ կերակրման պրոցես, խոհանոցի հետ կապված եղել են խնդիրներ:
Աննա Ասատուրյան - 2-3 ամիս մասնագիտական խումբ չի եղել, նման խնդիրներ են առաջացել, բայց հիմա կարող եմ վստահեցնել, որ կենդանիները սնվում են նորմալ սննդակարգով, նորմալ որակով, հատկապես միսը, որը գալիս է լաբորատորիայից՝ փորձաքննություն անցած, ինչպես նաև սպանդանոցից:
Կան կենդանիներ, որ ներմուծվել են իրենց հատուկ սննդակարգով: 14 թ.-ից Երուսաղեմի թագավորական կենդանաբանական այգուց ներմուծված կատվային լեմուրները օրական 2 անգամ են սնվում՝ երբ և ինչ պատահի սկզբունքը այլևս չի գործում:
Ի դեպ, այգում բազմաթիվ զբոսաշրջիկների կարելի է հանդիպել:
Զբոսաշրջիկ - Մեզ շատ է դուր եկել, հավանեցինք ձեր այգու մեծությունը, որտեղ բազմաթիվ կենդանիներ կան, և շատ լավ պայմաններում են ապրում:
Զբոսաշրջիկ - Գետաձիուն հավանեցինք շատ, փղին, առյուծներին շատ սիրեցինք, ամեն ինչ իսկապես շատ գեղեցիկ է ձեզ մոտ:
Կենդանաբանական այգու մթնոլորտն էլ առողջացել է՝ ասում է տնօրենն ու վստահեցնում՝ դրան նպաստել է նաև վերջերս աշխատավարձերի բարձրացումը, աշխատակիցները միջինը 150-190 հազար աշխատավարձ են ստանում: Մուտքավճարը ևս առաջիկայում կփոխվի՝ մեծահասակների ու փոքրիկների համար մուտքը հավասարապես 1000 դրամ կարժենա: