Ֆերմերներն արդյունավետ են համարում հայրենական արտադրության օրգանական պարարտանյութի օգտագործումը: 2018-ից շուկայում հայտնված հայկական պարարտանյութի արտադրությունը համավարակի պայմաններում փոքր-ինչ դանդաղել էր, բայց հիմա, երբ ներկրվող պարարտանյութը եռակի թանկացել է, մեծացել է տեղականի պահանջարկը:
Աննա Գրիգորյան («Զուլալ ագրո» ընկերության համահիմնադիր) - Պարարտանյութը կիրառում ենք կոմպլեքս սնուցման ժամանակ` որպես հիմնական սնուցում, տալիս ենք ծառերի մազարմատներին. Բացում ենք մերձբնային բաժակները, ավելացնում պարարտանյութը, փխրեցնում հողը, հետո ջրում:
Պարարտանյութը ներառում է ազոտ, ֆոսֆոր, կալիում և բոլոր այն միկրոտարրերը, որ անհրաժեշտ են բույսի արագ աճի համար: Խանջյան գյուղի բնակիչ Կարապետ Խաչատրյանը տեղական պարարտանյութն առաջին անգամ օգտագործել է 3 տարի առաջ: Զուգահեռ կիրառել է նաև պարարտանյութ արտադրող ընկերության միջատասպան հեղուկները: Արդյունքից գոհ է:
Կարապետ Խաչատրյան (ֆերմեր) - Էս ծառը ահավոր վիճակում էր, կեսը չորացել էր, հիմա վերակենդանացել է: Բացարձակ քիմիա չի օգտագործվում այստեղ, լրիվ օրգանական է, արդեն 3 տարի է, էն կողմում էլ այգի է, որ քիմիականով է մշակվում, անզեն աչքով էլ տարբերությունը նկատվում է:
Հացիկցի Արմեն Խաչատրյանն էլ ծառերի և մշակաբույսերի մի մասը սնուցել է օրգանական, մյուսը՝ քիմիական պարարտանյութով: Ասում է՝ էկո պարարտանյութի օգտագործման ռիսկը մեծ էր, բայց արդարացված:
Արմեն Խաչատրյան (ֆերմեր) - Անցած տարի ոչ մի անգամ տզի դեմ չեմ բուժել, միջատի խանգարում չի եղել, իսկ այն տեղը, որտեղ չեմ արել, վատ է եղել բույսի վիճակը:
Հողագործը ծերացող ծառերը նորերով փոխարինելու, իսկ այգին ընդարձակելու մտադրություն ունի: Տնկիները, որոնք աճեցնում է` նոր տարածքում դնելու համար, ևս սնուցում է հայկական պարարտանյութով:
Արտակ Կարապետյանի 3 տարեկան կեռասենիներն էլ այս տարի առաջին բերքը պետք է տային: Բայց ծառերի մեծ մասը սկսել է չորանալ: Ֆերմերը, այգին վերականգնելու համար դիմել է հնարավոր բոլոր միջոցներին: Չեն օգնել, որոշել է կտրել ծառերը: Ընկերները խորհուրդ են տվել չշտապել և այգին սնուցել միկրոտարրերով հարուստ պարարտանյութով:
Արտակ Կարապետյան (ֆերմեր) - Քիմիայով ինչ ասես՝արել եմ, չկարողացա պահել, հիմա օրգանականն եմ փորձում:
Համալիր սնուցման, այսինքն՝ միաժամանակյա բուժման և պարարտացման դեպքում բերքատվությունն աճում է 50 տոկոսով, ասում է պարարտանյութ արտադրողը: Ի տարբերություն քիմիականի, որի մեկ պարկի շուկայական գինը 20 հազար դրամ է, իսկ 1 հա հողը սնուցելու համար մոտ 1 մլն դրամ է ծախսվում, օրգանականի 10 պարկն արժե 21 հազար դրամ, իսկ ծախսը՝ մոտ 450 հազար՝ հա-ի հաշվով:
Հեղինակ` Հայկուշ Ասլանյան