Հանրային տրանսպորտում վարորդը ղեկին հանկարծամահ է եղել. 62 համարի երթուղու վարորդը 51 տարեկան էր: Կարեն Ապրիկյանը Նոյեմբերյանից էր, Երևանում ընտանիքի հետ վարձով էր ապրում: Սա մայրաքաղաքում երթուղայինի վարորդի մահվան այս տարվա երկրորդ դեպքն է: Մարտի 28-ին էլ հանկարծամահ էր եղել 77 երթուղու 63-ամյա վարորդը:
Ռազմիկ Ղազարյան (թիվ 62 երթուղու վարորդ) - Անցած ամսվա 1-ից իրար հետ աշխատում էինք: Լավ, հավեսով տղա էր, նորմալ, իրար հետ աշխատում էինք: Մի օր ինքն էր աշխատում, մի օր՝ ես, հավեսով, անշահախնդիր, ընկերական: Ինձ որ երեկ ասին, ապշած մնացի:
62 համարի երթուղին սպասարկվում է Երևանի քաղաքապետարանի փոքր դասի նոր միկրոավտոբուսներով: Ողբերգական դեպքը եղել է Սարկավագի փողոցում՝ խանութի դիմաց: Ականատեսների խոսքով՝ վարորդը նախ՝ դեղատուն է մտել, հետո շարունակել երթը, որի ընթացում էլ ինքնազգացողությունը կտրուկ վատացել ու մեքենան արգելակել է:
Երթուղու վարորդները վստահեցնում են, որ ամեն առավոտ երթի դուրս գալուց առաջ բժիշկը պարտադիր զննում է իրենց, այնուհետև ստորագրում բժիշկ-մեխանիկի ճանապարհային թերթիկը:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները «Երևան ավտոբուս» ընկերության հավաքակայանում փաստաթղթերը ստուգել, էական խախտումներ չեն արձանագրել:
Արթուր Արաբաչյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտային անվտանգության բաժնի պետ) - Տվյալ օրը՝ առավոտյան ժամը 06:40-ի սահմաններում, տվյալ կազմակերպության բուժակը ստուգել է տվյալ վարորդի առողջական վիճակը և գնահատել էր առողջ: Դրանից ելնելով՝ համապատասխան ճանապարհային թերթիկում բուժակի կողմից իրականացվել էր համապատասխան նշագրում, և վարորդը իրականացրել էր իր ուղևորափոխադրումը:
Վարորդի մահվան փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Արթուր Արաբաչյանի խոսքով՝ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող բոլոր կազմակերպությունները պետք է ունենան հավաքակայան, պարտադիր պայման է՝ բուժակի և մեխանիկի առկայությունը, որ և՛ վարորդի առողջությունը, և՛ մեքենայի սարքինությունը երաշխավորեն: Արաբաչյանը նշում է՝ մասնավոր ընկերություններից շատերը այս պահանջները չեն պահպանում:
Արթուր Արաբաչյան - Մենք բոլոր գործառույթներն իրականացնելու ենք, որպեսզի կանոնավոր երթուղիներ շահագործող կազմակերպությունները իրականացնեն լիարժեք գործառույթներ, և բուժակի, և մեխանիկի գործառույթը առհասարակ ձևական բնույթ չկրի:
Ես կոչ եմ անում, հորդորում եմ բոլոր կազմակերպությունների տնօրեններին՝ խստորեն պահպանել համապատասխան պարամետրերը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, եթե չեն պահպանի, բնականաբար, մենք օրենքով սահմանված կարգով կիրականացնենք խիստ վարչարարություն:
Իսկ վարչական տույժը 20.000 դրամ է: