Լիքը փարփար, կռնչան, մեծ սղոցակտուց, սուզակներ կարելի է տեսնել Սևանի դեռ շատ սառը ջրերում։ Սարերի ձնհալն այս տարի չէր էլ սկսվել, որ ազգային պարկի աշխատակիցները տարածքում չվող թռչունների երամներ նկատեցին։ Փետրվարի վերջերից արդեն՝ մոխրագույն ու սպիտակ տառեղներից մինչև քաջահավ ու նետապոչ լճի ափամերձ հատվածներում էին՝ արձանագրում է ազգային պարկի արագ արձագանքման բաժնի ղեկավարը։
Պողոս Մարտիրոսյան («Սևան ազգային պարկի» արագ արձագանքման բաժնի ղեկավար) - Կարապները, ջրցուլը, կվա-կվան հիմա այստեղ կան, բնադրել և մնում են:
Ըստ Մարտիրոսյանի՝ գարնանային չուով եկած թռչուններն այս անգամ շատ քիչ քանակներով են եղել, որոշներն, ինչպես միշտ, մի քանի օր հանգստացել, ճանապարհը շարունակել են դեպի հյուսիսներ։ Իսկ սովորականից շուտ են եկել եղանակի ամենուր տաքանալու պատճառով՝ բացատրում է «Թռչնասերների կենտրոնի» ղեկավարը։
Սիլվա Ադամյան («Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ) - Իհարկե դա ավելի շատ կախված է կլիմայի գլոբալ փոփոխություններից և՛ մեզ մոտ, և՛ ամենուր:
Բնապահպանի կարծիքով՝ խնդիրն այստեղ ոչ այնքան չուի ժամանակացույցի խախտումն է, այլ որ Սևանի համար տիպիկ որորների կամ կրկնակտցարի հետ լճում սկսել են մեծ գաղութներ ձևավորել բադազգիները, հատկապես Չկալովկայի ուղղությամբ։ Ժամանակին ցամաքած Գիլլից տեղափոխված ու Արմաշի լճերից եկող թռչնատեսակները, ինչպես, օրինակ՝ սղոցակտուց բադն է, վերջին տարիներին շատացել են։
Սիլվա Ադամյան - Ե՛վ ջրցուլի, և՛ տառեղի մի քանի տեսակներ մենք ուսումնասիրել ենք, գիտենք՝ տեղափոխվել են դեպի Սևանի ափերը: Սա պայմանավորված է նրանով, որ ափերի մի մասը ճահճացման է ենթարկվել, ու իրանք սկսեցին բնադրվել:
Ջրաճահճային այս թռչնատեսակները սնվում են փոքրիկ գորտերով, դոդոշներով և սննդի առումով հաստատ՝ Սևանի հիմնական փետրավորների համար վտանգ չեն ներկայացնում։ Նրանք տարածքներից գուցե հեռանան, երբ լճի էկոլոգիական խնդիրները կարգավորվեն՝ ջրի որակը փոխվի, ջերմաստիճանն իջնի:
Որտեղ ինչ թռչուն էլ տեսնեք՝ իմացեք՝ պատահական չեն հենց այդտեղ հայտնվել՝ ասում է Սիլվա Ադամյանը, հիշեցնում տարիներ առաջ Ուջանը գրոհած վարդագույն սարյակների պատմությունը, երբ ծառերի կեռասն ու բալը կտցելու համար մարդիկ զանգվածաբար ոչնչացրեցին դրանց, ինչից հետո բերքը մորեխները կերան։
Սիլվա Ադամյան - Եթե բնությունը բերել է էսպիսի քանակությամբ էս թռչունների այստեղ, ուրեմն այստեղ սպասվում է իտալական և եգիպտական մորեխների պոպուլյացիայի ավելացում, բնակչությունը դա հասկացավ, բայց արդեն ուշ էր:
Այնպես որ, խորհուրդ է տալիս, աչքաթող չանել բնության հուշումները: