Այս տարի ոռոգման նպատակով Սևանից ևս առավելագույնը 170 մլն խորանարդ մետր ջուր բաց կթողնեն: Մինչև մայիսյան անձրևները՝ Սևանի մակարդակն անցած տարվա համեմատ համարվում էր ցածր:
Բարդուխ Գաբրիելյան (ՀՀ ԳԱԱ Սևանի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ) - Ցավոք սրտի, մինչ այսօր, ըստ Հիդրոմետի տվյալների, մենք ունենք ավելի քիչ լցվածություն, քան եղել ա նույնիսկ անցած տարի, որը համարվել է ոչ ջրառատ տարի, և մենք ունեցել ենք բացասական բալանս, այսինքն՝ իջեցում մոտ 12 սանտիմետրով:
Նույնիսկ այս դեպքում Սևանի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահը վստահ է՝ օրենքով ամրագրված 170 մլն խորանարդ մետրը բաց թողնելը բացասաբար չի ազդի լճի էկոհամակարգի վրա, դրանից ավելին արդեն խնդիր կառաջացնի: Մայիսյան առատ տեղումները հուսադրող են՝ ասում է Բարդուխ Գաբրիելյանը:
Բարդուխ Գաբրիելյան - Մենք կունենանք դրական բալանս, այսինքն՝ բարձրացում գոնե մի քանի սանտիմետրով, Սևանա լիճը պետք է բարձրանա:
Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը քննարկել է նաև Արփա-Սևան թիվ 2 թունելի տեխնիկական վիճակի ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց հայտնաբերվել է թունելի 29 վթարված հատված:
Բարդուխ Գաբրիելյան - Որոշ տեղեր պետք է շտապ վերանորոգել, քանի որ դրանք կարող են բերել փլուզման, որը ընդհանրապես կփակի ջրի ճանապարհը:
Հիմա Արփա-Սևանով դեպի Սևան ավելի շատ ջուր է հոսում, քան անցած տարի՝ ասում է Սևանի փորձագիտական հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովն անընդունելի է համարում Սևանից բաց թողնված ջրի կորուստը, այն, ըստ նրա՝ որոշ հատվածներում 80 տոկոս է կազմում: Հիմա հանձնաժողովը առաջարկով դիմել է Կառավարություն՝ ստեղծելու միջգերատեսչական հանձնաժողով, որն էլ իր հերթին կգնահատի կորուստների պատճառներն ու կառաջարկի լուծումներ: