ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՈՓՈՒՄ ԵՆ ՏԵՂՈՒՄ. ԶԱՅՑԵՎ
Ռուս-ուկրաինական բանակցությունները դոփում են տեղում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը։ Նրա խոսքով՝ Կիևը չի ցանկանում բանակցել, ինչի մասին վկայում են նաև ուկրաինացի քաղաքական գործիչների հայտարարությունները։
«ՆԱՏՕ-ի երկրները հանդես են գալիս ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման օգտին, սակայն ամեն ինչ անում են դա թույլ չտալու համար։ Ուկրաինա զենքի մատակարարումն ավելանում է։ Միայն Վաշինգտոնը շուրջ 4 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք է տրամադրել Կիևին»,- նշել է Զայցևը:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՌԴ ՀԵՏ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ուկրաինական կողմը դեռ շահագրգռված է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններով, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։ Նրա խոսքով՝ Կիևը Արևմուտքի ճնշման ներքո չի փոխում իր դիրքորոշումը։
«Վոլոդիմիր Զելենսկին ամեն առիթով կրկնում է՝ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ»,- պնդել է խոսնակը։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է «ԱՊԱԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՄԱՆ» ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
Ուկրաինայի նախագահը ստորագրել է ազգային օրենսդրության «ապախորհրդայնացման» մասին օրենքը։ Այդ մասին հայտարարել է Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։
Նրա խոսքով՝ այժմ Ուկրաինայի օրենսդրության մեջ չի լինի ոչ մի հիշատակում «Հոկտեմբերյան մեծ հեղափոխության հաղթանակների», Կոմկուսի մշակած ծրագրերի մասին։ Հանվել է ԽՍՀՄ և Ուկրաինական ԽՍՀ պետական իշխանության և կառավարման մարմինների գրեթե 1200 ակտ։
Ռադան «Ուկրաինայի օրենսդրության ապախորհրդայնացման մասին» օրենքի նախագիծն ընդունել էր ապրիլի 21-ին։
ԵՄ-Ն ԽՈՍՈՒՄ Է ՈՒԺԻ ԼԵԶՎՈՎ. ԲՈՐԵԼ
Եվրամիությունը հզոր աշխարհաքաղաքական դերակատար է դարձել, որը որոշումներ է կայացնում ռազմական և էներգետիկ ոլորտներում, հայտարարել է կառույցի արտաքին գործերի հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Միությունը խոսում է ուժի լեզվով», - նշել է նա Ֆլորենցիայում Եվրոպայի ապագային նվիրված համաժողովին։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը պնդել է՝ ԵՄ-ն չի կռվում Ռուսաստանի դեմ, այլ պաշտպանում է Ուկրաինային, նաև չի ցանկանում պատժել ռուս ժողովրդին։
ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԻ ԷՄԲԱՐԳՈՅԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին որոշումը կարող է կայացվել մոտ ապագայում, հայտնել է երկրի վարչապետ Սաննա Մարինը։
Նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտության ֆոնին Ֆինլանդիան այլևս չի կարող նորմալ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։
Մարինը նաև կարծիք է հայտնել, որ Չինաստանը կարող է կարևոր դեր խաղալ ստեղծված իրավիճակի կարգավորման գործում, նաև կոչ արել Պեկինին միանալ Մոսկվայի դեմ պատժամիջոցներին։
«Ֆինլանդիան աջակցում է ռուսական նավթի էմբարգո սահմանելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկին։ Եվրամիությունն էլ պետք է սահմանափակումներ մտցնի ռուսական գազի նկատմամբ», - նշել է վարչապետը։
Միևնույն ժամանակ նա խոստովանել է՝ ԵՄ երկրների շրջանում ռուսական էներգակիրների էմբարգոյի հարցում առկա են տարաձայնություններ։
ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆ
ԵՄ երկրներ ռուսական նավթի մատակարարումների էմբարգոյի հարցում դժվար կլինի միասնության հասնել, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա նշել է, որ Միության երկրները տարբեր դիրքորոշումներ ունեն, հավելել՝ ներկայումս Բրյուսելում բանակցություններ են ընթանում այն երկրների ներկայացուցիչների հետ, որոնք դեմ են էմբարգոյին։
«Նրանց հետ քննարկվում են նավթի մատակարարման այլընտրանքային տարբերակներ», - պարզաբանել է պաշտոնյան։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ միայն վերջին 10 շաբաթվա ընթացքում Եվրամիությունը Կիևին 4 միլիարդ եվրոյի աջակցություն է տրամադրել։
«Այս հակամարտությունը, մեղմ ասած, սթրես-թեստ է ԵՄ տնտեսության համար», - նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։
«ԱԶՈՎՍՏԱԼԻ» ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿՐԱԿԸ ՉԻ ԴԱԴԱՐՈՒՄ
«Ազովստալի» ուղղությամբ կրակը չի դադարում, խաղաղ բնակիչներին պետք է դուրս բերել գործարանից։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
«Տարհանվել է ավելի քան 150 մարդ «Ազովստալից», 300-ից ավելի մարդ էլ՝ հենց Մարիուպոլից և հարակից տարածքներից»,- հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, իր հերթին, հայտնել է, որ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի ջանքերով Մարիուպոլից և, մասնավորապես, «Ազովստալի» արդյունաբերական գոտուց տարհանվել է 500 խաղաղ բնակիչ։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով գործարանը գրոհելու մասին ուկրաինական կողմի հայտարարություններին, ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը ոչ թե գրոհում են «Ազովստալը», այլ ճնշում զինյալների առաջխաղացման փորձերը։