«Ազովստալի» ուղղությամբ կրակը չի դադարում, խաղաղ բնակիչներին պետք է դուրս բերել գործարանից։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
«Տարհանվել է ավելի քան 150 մարդ «Ազովստալից», 300-ից ավելի մարդ էլ՝ հենց Մարիուպոլից և հարակից տարածքներից»,- հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, իր հերթին, հայտնել է, որ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի ջանքերով Մարիուպոլից և, մասնավորապես, «Ազովստալի» արդյունաբերական գոտուց տարհանվել է 500 խաղաղ բնակիչ։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով գործարանը գրոհելու մասին ուկրաինական կողմի հայտարարություններին, ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը ոչ թե գրոհում են «Ազովստալը», այլ ճնշում զինյալների առաջխաղացման փորձերը։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՌԴ ՀԵՏ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ուկրաինական կողմը դեռ շահագրգռված է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններով՝ հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։ Նրա խոսքով՝ Կիևը Արևմուտքի ճնշման ներքո չի փոխում իր դիրքորոշումը։
«Վոլոդիմիր Զելենսկին ամեն առիթով կրկնում է՝ պատրաստ է հանդիպելու Ռուսաստանի նախագահի հետ»,- պնդել է խոսնակը։
Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, թե ուկրաինական պատվիրակության դիրքորոշումը անկայուն է, իսկ բանակցային գործընթացն ուղեկցվում է Կիևի ու Արևմուտքի ագրեսիվ հռետորաբանությամբ։
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՈՒԿՐԱԻՆԱ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինայում իրավիճակը և Կիևին Արևմուտքի աջակցությունը:
Երկու երկրի ղեկավարները դատապարտել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը վնասող քայլերը։
Գերմանիայի կանցլերը հայտնել է նաև, որ մոտ ապագայում Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը կայցելի Ուկրաինա։ Այս հայտարարությունը հաջորդել է Ուկրաինայի և Գերմանիայի նախագահների հեռախոսազրույցին, որի ընթացքում կողմերը հաստատել են՝ անցյալում են թողնում բոլոր թյուրըմբռնումները։
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել էր Կիևում ընդունել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ պատճառաբանելով դա վերջինիս ռուսամետ դիրքորոշմամբ։
ՌԴ-Ն ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ ԱՄՆ-ԻՆ ԵՎ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ. ԱՄՆ-ՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆ
Ռուսաստանը չի սպառնում Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին Եվրոպայում և ամեն ինչ անում է, որպեսզի ուկրաինական ճգնաժամը չսրվի՝ վստահեցրել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը։
Անատոլի Անտոնովի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը խեղաթյուրում է միջուկային քաղաքականության վերաբերյալ Մոսկվայի հայտարարությունները։
«Նրանք անտեսում են բազմիցս բարձրաձայնված փաստը՝ Ռուսաստանը սկզբունքորեն դեմ է միջուկային պատերազմին»,- ընդգծել է դեսպանը։
Նա վստահեցրել է նաև, որ Մոսկվան պատրաստ է վերսկսելու Վաշինգտոնի հետ ռազմավարական երկխոսությունը, երբ Միացյալ Նահանգները պատրաստ լինի դրան։
ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԿԻԵՎԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ. ՉԺՀ
Ուկրաինային զենքի մատակարարումը խաղաղություն չի բերի, Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններ են անհրաժեշտ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչը։
Չժան Ջունի խոսքով՝ դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոչ միայն չի հանգեցրել Եվրոպայում անվտանգության ապահովմանը, այլև հիմք է հանդիսացել հակամարտության համար։
«ՆԱՏՕ-ն պնդում է, թե պաշտպանական կազմակերպություն է, մինչդեռ այն պատերազմներ է սանձազերծում ինքնիշխան պետությունների դեմ, որոնք հանգեցնում են մեծաթիվ զոհերի և հումանիտար աղետների», - նշել է նա:
ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԵՎ ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԻ ԷՄԲԱՐԳՈՅԻՆ
Հունգարիան և Եվրամիությունը պատրաստ չեն ընդունել ռուսական նավթի էմբարգո սահմանելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկը՝ կառույցի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակում նշել է Հունգարիայի վարչապետը։
Վիկտոր Օրբանի խոսքով՝ նման քայլ անելուց առաջ հարկավոր է էներգակիրների մատակարարման այլընտրանքային ենթակառուցվածքն արդիականացնել։
«Եվրահանձնաժողովը պատասխանատվություն կկրի եվրաինտեգրման պատմական ձախողման համար», - նշել է նա։
ԱՎՍՏՐԻԱՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԵԼ ՌՈՒԲԼՈՎ
Ռուսաստանից գազի մատակարարումների էմբարգոյին դեմ է արտահայտվել Ավստրիայի էկոնոմիկայի նախարարը։
«Ո՛չ մենք, ո՛չ Գերմանիան դրան չենք դիմանա։ Էմբարգոն ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ»,- մտահոգություն է հայտնել Մարգարեթե Շրամբյոքը։
Նրա խոսքով՝ հարկավոր է նախ գազի արդյունահանման նոր մեխանիզմներ զարգացնել և գործակցության այլընտրանքային տարբերակներ փնտրել։
Երկրի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը, իր հերթին, զգուշացրել է՝ Ավստրիան չի պատրաստվում ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։ Նա նաև պնդել է, որ Մոսկվան չի հասնի իր նպատակներին և իր որոշումներով ավելի կհամախմբի Արևմուտքի երկրներին։
ԶՈՀՎԵԼ Է ՂՐՂԶՍՏԱՆԻ ԵՐԵՔ ՔԱՂԱՔԱՑԻ
Ուզբեկստանի սահմանապահների գործողությունների հետևանքով զոհվել է Ղրղզստանի 3 քաղաքացի՝ հայտնում են երկրի սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Ղրղզստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները հանդիպել են՝ պարզելու միջադեպի հանգամանքները․ կատարվում է քննություն։