2022 թ. հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն հարկային եկամուտների և պետական տուրքի գծով ապահովել է շուրջ 632 միլիարդ դրամ՝ մոտ 119 միլիարդ դրամով կամ 23.2 տոկոսով գերակատարելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մուտքերը: Իսկ ապրիլի ցուցանիշը՝ շուրջ 51.2 միլիարդ դրամով կամ 28.4%-ով գերակատարվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը:
Հատկանշական է, որ հիմնական աճն արձանագրվել է շահութահարկի և բնօգտագործման վճարների, մասնավորապես, ռոյալթիի մասով, թերևս, պայմանավորված հանգամանքով, որ ապրիլը շահութահարկի և ռոյալթիի տարեկան հաշվարկների ներկայացման վերջնաժամկետն է: Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատությամբ շահութահարկի աճը 2022 թ. ապրիլին կազմել է շուրջ 32.9 մլրդ դրամ (2022 թ. ապրիլին հավաքագրվել է 98.4 մլրդ դրամ), իսկ բնօգտագործման վճարների գծով՝ 9.8 մլրդ դրամ (2022 թ. ապրիլին հավաքագրվել է 18.6 մլրդ դրամ), որից 9.4 մլրդ դրամը՝ ռոյալթիի մասով (2022 թ. ապրիլին հավաքագրվել է 17.2 մլրդ դրամ):
Շահութահարկի գերակատարումն առաջին հերթին պայմանավորված է համախառն եկամտի աճով: 2021թ. արդյունքներով շահութահարկի հաշվարկներով ցույց տրված համախառն եկամուտը կազմել է շուրջ 11.6 տրլն դրամ, որը գերազանցում է 2020 թ. նույն ցուցանիշը (կազմել է 8.3 տրլն. դրամ)` 39.8 %-ով: Իսկ համախառն եկամտի աճի ցուցանիշում իր հերթին մեծ դերակատարում է ունեցել գործարքների և փաստաթղթավորման աճը, ինչը տնտեսական ակտիվության և հարկային վարչարարության բարելավման արդյունք է: Այդ մասին է վկայում նաև ՀԴՄ կտրոնների և այլ հաշվարկային փաստաթղթերի քանակի և դրանցով արտացոլվող շրջանառության շարունակական աճը: Մասնավորապես՝ 2021 թ. ընթացքում գործարքների (հաշվարկային փաստաթղթերի) քանակը կազմել է շուրջ 558 մլն հատ և դրանցով արձանագրված գումարը՝ 8.2 տրլն դրամ, որը գերազանցում է 2020 թվականի ցուցանիշը՝ քանակով՝ 102 մլն հատով (22.4%), իսկ գումարով՝ 1.7 տրլն դրամով (26.8%)/
Շահութահարկի աճի դինամիկայում էական դեր է ունեցել նաև 2020 թվականից կանխավճարների հաշվարկման մեխանիզմի փոփոխությունը: Այսպես, եթե 2019 թ. շահութահարկի կանխավճարների գումարը կազմել է շուրջ 103.6 մլրդ դրամ, ապա 2020-2021 թթ. արդեն կազմել է, համապատասխանաբար, 64.5 մլրդ դրամ և 67.7 մլրդ դրամ:
Շահութահարկի հաշվարկներով արտացոլված վճարման ենթակա հարկի գումարի աճը հիմնականում արձանագրվել է մետաղական հանքարդյունաբերության (աճը՝ շուրջ 13.2 մլրդ դրամ), մեծածախ առևտրի (աճը՝ շուրջ 5.0 մլրդ դրամ), օդային տրանսպորտի օժանդակության (աճը՝ շուրջ 3.5 մլրդ դրամ) և մանրածախ առևտրի ոլորտներում (աճը՝ շուրջ 3.2 մլրդ դրամ):
Ապրիլին դրական ցուցանիշ ապահոված մյուս ուղղությունը՝ ռոյալթիի աճը՝ 9.4 մլրդ դրամի չափով, հիմնականում պայմանավորված է մետաղական հանածոների միջազգային գների բարձրացմամբ: Մասնավորապես՝ ռոյալթիի բազան աճել է պղնձի և մոլիբդենի միջազգային գնաճի հաշվին: