Տեղումների և ձնհալի շնորհիվ այս տարի Հայաստանի ջրամբարներում անհամեմատ ավելի շատ ջուր կլինի, քան նախորդ տարի էր: Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի՝ Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 62.8 մլն խմ-ով ավելի ջուր կա: Ախուրյան, Արփի լիճ, Ապարան, Ազատ, Մարմարիկ՝ խոշոր ջրամբարների շարքում ջրի լցվածության լավագույն ցուցանիշը Ախուրյանինն է:
Լևոն Ազիզյան (Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն) - Եթե ամփոփենք, ստացվում է, որ Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքում 72.3 մլն խմ-ով ավելի ջուր կա, քան անցյալ տարի, իսկ Սևան-Հրազդան ողջ էներգետիկ համակարգի տակ գտնվող խոշոր ջրամբարներում 9.5 միլիոնով դեռևս պակաս է:
Հայաստանի կլիմայական գոտին այնպիսին է, որ ամռան ամիսների ոռոգումը պետք է ապահովվի ջրամբարներում գարնանը հավաքված ջրի պաշարներով, որոնց հիմնական լցվածությունը գետերի հոսքի շնորհիվ է: Այս տարի Հայաստանի լեռներում շատ ձյուն կա, ակտիվ ձնհալին էլ տեղումները կնպաստեն, բավականին դրական սպասելիքներ կան՝ ասում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենը:
Լևոն Ազիզյան - Առաջիկա 5 օրերին Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից թափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, սպասվում են ինտենսիվ տեղումներ առանձին հատվածներում, ինչը դրական ազդեցություն կունենա ջրամբարների ջրալցվածության վրա:
Տեղումների և ձնհալի շնորհիվ գետերը վարարում են հիմնականում ոչ ոռոգման շրջանում: Այդ պահին լրացուցիչ ջրի կարիք չի էլ լինում, որոշ դեպքերում նույնիսկ այն հետագայում օգտագործելու համար կուտակելու տեղ չի լինում: Լուծումը ջրամբարն է, և այն կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար: Նաև այս նպատակով է հատկապես կարևոր 90 մլն եվրո արժողությամբ Վեդիի ջրամբարի կառուցումը՝ բացատրում է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի համակարգող Վարազդատ Մկրտչյանը: Նոր ջրամբարի կառուցումից հետո Վեդիի և Արարատի համայնքներում 11 պոմպակայան այլևս չի շահագործվի, ինչի արդյունքում տարեկան մոտ 2 մլն կվտ-ժամ էլեկտրաէներգիա կխնայվի:
Վարազդատ Մկրտչյան («Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի համակարգող) - Ջրամբարի կառուցմամբ կավելանան նաև Արարատ և Վեդի տարածաշրջանների շուրջ 300 նոր ոռոգելի հողատարածքներ՝ բարձրացնելով ջրապահովման մակարդակը ավելի քան 3200 հա հողատարածք ոռոգելու համար:
Կառավարությունը նախատեսում է 15 ջրամբարի կառուցում: 2022 թվականի բյուջեով նախագծման համար 2 մլրդ դրամ է հատկացվել: Առաջնահերթությունների շարքում Կապսի ջրամբարի կառուցումն է:
Հեղինակ՝ Էդուարդ Հովհաննիսյան