ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քաղաքացու կողմից ՀՀ վարչապետի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու և խուլիգանություն կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022 թ. ապրիլի 29-ին՝ ժամը 06:30-ին, Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում քաղաքացին, ՀՀ վարչապետի հանրային գործունեությամբ պայմանավորված, նրա հասցեին հայհոյանքներ է հնչեցրել:
Այնուհետև, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 06:48-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վնասել է Երևան քաղաքում գործող սրճարանի պատուհանի ապակիները, ալյումինե հատվածները և գովազդային պաստառները:
Պարզվել է, որ նշված ենթադրյալ հանցագործությունները կատարվել են միևնույն անձի կողմից, և հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանքը) 2-րդ մասի 2-րդ կետով և 258-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ենթադրյալ հանցագործությունները կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: