Խորհրդարանական, թե՞ նախագահական մոդել. Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ առաջին նիստի ժամանակ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարեց՝ ինչքան էլ տարբեր կառավարման ձևերը պայմանական լինեն, ինչ-որ պահի պետք է կատարել ընտրություն, թե կառավարման որ համակարգի կողմնակից է խորհրդի այս կամ այն անդամը:
Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Անձամբ իմ անունից ասում եմ, որ ես կողմ եմ խորհրդարանական մոդելի պահպանմանը և այդ մոդելում շտկումների և բարեփոխումների իրականացմանը:
Այսօրվա նիստում պետք է սահմանվեր հարցերի քննարկման շրջանակը: Անդրեասյանն առաջարկեց կառավարման համակարգն առաջնահերթ քննարկման առարկա դարձնել: Նրա խոսքով՝ նախնական արդյունքներով՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 5 անդամ որոշակի մասնագիտական վերապահումներով կողմ է արտահայտվել կառավարման խորհրդարանական ձևին, խորհրդի 1 անդամ նախագահական մոդելի կողմնակից է, 3-ը բացակա են, իսկ 3-ը հրաժարվել են այս պահին դիրքորոշում արտահայտել:
Դանիել Իոաննիսյան («Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ) - Մեր մոտեցումը բավական հստակ է՝ կողմնակից ենք խորհրդարանական կառավարման ձևին։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը բավականին, ես չէի ուզի ասել՝ կիսապատերազմական վիճակում է, բայց ճգնաժամերին հակված վիճակում է։ Այսինքն` մի վիճակում ենք, որտեղ կարող են լինել տարբեր տեսակի ճգնաժամեր:
Խորհրդի անդամի խոսքով՝ նախագահական-կիսանախագահական մոդելում գործադիր իշխանության ղեկավարը և խորհրդարանի մեծամասնությունը կարող են լինել տարբեր քաղաքական ուժերից, իսկ այդ դեպքում կա ռիսկ, որ որոշակի իրավիճակներում գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև կարող են առաջանալ առճակատում, կոնֆլիկտ:
Քննարկմանը ներկա ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը շեշտեց՝ որևէ կառավարման ձևի մասին խոսելիս միջազգային փորձը հաշվի առնելուց բացի պետք է արձանագրել, թե մենք ինչ խնդիրներ ենք ունեցել, ինչ հարցեր են առաջադրվում կառավարման գործող ձևին:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Քանիցս հնարավորություն եմ ունեցել արտահայտելու իմ մոտեցումը կառավարման ձևի վերաբերյալ` նշելով, որ խորհրդարանական կառավարման ձևի պոտենցիալը մեր երկրում, կարծում եմ, պետք է շարունակել հնարավորինս լավ օգտագործել։ Այսինքն` ես ավելի շատ հակված եմ դրան։
Կառավարման նախագահական համակարգին կողմնակից Խորհրդի միակ ներկայացուցիչը «Հանրապետություն» կուսակցության անդամ Մասիս Մելքոնյանն էր. ասաց՝ իր դիրքորոշումը կպարզաբանի ավելի ուշ:
Եթե խորհրդարանական համակարգ է, ապա այն իրապես պետք է լինի այդպիսին. սա էլ «Լուսավոր Հայաստանի» մոտեցումն է։
Էդմոն Մարուքյան («Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ) - Մեր դիրքորոշումը եղել և մնում է եվրոպական մոդելի պետություն ունենալը՝ իր խորհրդարանական կառավարման համակարգով։ Բնականաբար, այս մոտեցումը որոշակի հարվածներ է ստացել և քիչ է մնում` սասանվեր պատերազմից հետո՝ ճգնաժամի ընթացքում, բայց պառլամենտական ընտրությունների գնալով և ճգնաժամը դրանով հաղթահարելով՝ հասկացանք, որ այս մոդելն ավելի լավ մոդել է, որովհետև «հաղթողին՝ ամեն ինչ, իսկ պարտվողին՝ ոչինչ» սկզբունքը չէր:
Հայաստանը կմնա խորհրդարանական երկիր, թե՞ կդառնա նախագահական. այս հարցը ավելի մանրամասն կքննարկվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի հաջորդ նիստերին:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան