ԱԺ արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց էր՝ «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Հովակիմյանն ու Վահե Ղալումյանն առաջարկում են կարգավորել խոշորացված համայնքների կառավարման խնդիրը, եթե ֆորսմաժորային իրավիճակ է առաջանում:
Ըստ նախագծի՝ եթե լիազորությունները ստանձնելուց հետո ավագանին 20 օրվա ընթացքում նիստ չի գումարում, կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, վարչապետը համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակում:
Վահագն Հովակիմյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Այս դեպքում հնարավորություն է ընձեռվում, որ համայնքի բնականոն կառավարումը շարունակելու համար վարչապետը հնարավորություն ունենա պաշտոնակատար նշանակելու, մինչև խոշորացված համայնքը՝ համամասնական ընտրակարգով ձևավորված, կընտրի իր ղեկավարին:
Նոր կարգավորմամբ՝ որպես համայնքի ղեկավարի պաշտանակատար կարող է նշանակվել նաև տվյալ համայնքի ավագանու անդամը՝ ասաց Հովակիմյանը: Նախագծին դրական եզրակացություն է տվել նաև Կառավարությունը:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Այս արտահերթն էլ անցավ առանց ընդդիմադիր խմբակցությունների մասնակցության: Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային պայքարի դուրս եկած պատգամավորների կոչերին ՔՊ անդամներն անդրադարձան: Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ ընդդիմությունը հրաժարվել է երկրի քաղաքական կյանքին մասնակցելուց և այդ մեթոդներով մի նպատակ ունի՝ պաշտպանել սեփական անձն ու գույքը:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման հետ կապված հարց ենք քննարկում, «Հայաստան» դաշինքը, որը հայտ է ներկայացրել երկրում իշխանություն վերցնելու, չի մասնակցել որևէ ՏԻՄ ընտրության, չկան, քաղաքական կյանքը իրենց չի հետաքրքրում: «Հայաստան» դաշինքը չի մասնակցում նաև խորհրդարանական կյանքին:
Կառավարող ուժի պատգամավորներն անդրադարձան նաև վարչապետի հրաժարականի մասին այն լուրերին, որոնք, իրենց խոսքով, ընդդիմությունը փորձում է տարածել հանրության շրջանում:
Լուսինե Բադալյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ, ձեզ հետ կարող է քննարկել միայն թալանը անցնցում վերադարձնելու տարբերակը, մնացած տարբերակները քննարկելի չեն:
Սիսակ Գաբրիելյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - 2018 թվականին քաղաքացիները փակել են ձեր թալանի ծորակի փականը, և հիմա խոր գործընթաց է գնում այդ թալանը պետական բյուջե վերադարձնելու համար:
Պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով էլ՝ ընդդիմության անդամները փողոցում սկսել են վիրավորել քաղաքացիներին:
Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ նաև երեկ մամուլում տարածված ձայնագրությանը, որից հետո արդեն այսօր որպես կասկածյալ քննչական կոմիտեն ձերբակալել է Արմավիրի մարզի երկու բնակչի, որոնք, ըստ իրավապահների, Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու համար նյութական շահագրգռություն են ստացել ընդդիմության նախաձեռնությունների կազմակերպիչներից:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ձեզ թվում է՝ ձեր անգործության համար ձեզ աշխատավարձ վճարող քաղաքացուն պիտի սպառնաք, պիտի վիրավորեք ու անիծեք, պիտի էդ քաղաքացու որդիների մահը ցույց տաք ու նրանց ողբով սնվեք, հետո էլ հետ գաք իշխանության էդ մարդկանց կեղեքելու, թալանելու: Չի՛ ստացվելու, որովհետև դուք փոքրիկ մարգինալ խմբակ եք, ու, առհասարակ, ես կարծում եմ՝ ձեզ լավագույնս բնութագրել է դաշնակցական նախկին գյուղապես Արամային Մխիթարյանը երեկ մամուլում տարածված ձայնագրության համաձայն, ով՝ ինչպես փող եք տալիս հարցին պատասխանել է՝ Բաղրամյանն էլ հետ՝ 200, իսկ եթե Բաղրամյանը հանենք ու տեղը «Բայրաքթարի» կադրեր ավելացնենք, էդ դեպքում գնացուցակով գինը ինչքան ա:
Օրինագիծը 24-ժամյա ռեժիմով քվեարկվեց, երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 64 կողմ ձայնով: