Պետեկամուտների կոմիտեն ամփոփել է հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձի տվյալները: Միայն 2022-ի ապրիլին պետությունը 19064 շահառուի վերադարձրել է 7.5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար: Նախորդ տարվա ապրիլին այս գումարը 1.5 մլրդ էր:
Արմինե Հովսեփյան (ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ) - Աճը պայմանավորված է նրանով, որ շահառուների թվաքանակն է ավելացել, քանի որ, ինչպես գիտենք, փուլային տարբերակով Երևան քաղաքում այլևս չեն կարող օգտվել այս համակարգից, 25 թվականից դուրս է գալիս, և դրանով պայմանավորված շահառուների թիվը շատացել է:
Եթե համեմատենք այս տարվա առաջին եռամսյակը նախորդի հետ, ապա 21 թվականի հունվար-մարտ ամիսներին 13877 շահառուի վերադարձվել է 4.5 մլրդ դրամ, իսկ այս տարվա առաջին երեք ամիսներին 18847 շահառու պետությունից հետ է ստացել 7.5 մլրդ դրամ:
Արմինե Հովսեփյան - 21 թվականին ունեցել ենք 20920 շահառու, որոնց վերադարձվել է 22.7 մլրդ, իսկ, տեսեք՝ արդեն 22 թվականին ընդամենը 4 ամսվա՝ հունվարից ապրիլ ամիսների համար վերադարձվել է 15 մլրդ դրամ, և շահառուների թվաքանակը կազմում է 21707:
ՊԵԿ-ից մանրամասնում են՝ տարվա առաջին ամիսներին նման արդյունք ունենալուն նպաստել է նաև այս տարվա հունվարի 1-ից գործող դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը: Այս պարագայում շահառուն դիմումը ներկայացնում է բացառապես էլեկտրոնային տարբերակով, իսկ գումարը հետ է ստանում 1 աշխատանքային օրվա ընթացքում:
Արմինե Հովսեփյան - Նախ՝ էստեղ ժամանակն են տնտեսում և շահառուներն այլևս ստիպված չեն լինում ներկայանալ բանկեր և հետո՝ սպասարկման սրահներ, և միջինում 15 աշխատանքային օրվա ընթացքում գումարները հետ ստանալ:
Էլեկտրոնային հարթակին հասանելիություն ունենալու համար շահառուն ընդամենը պետք է էլեկտրոնային հասցե տրամադրի ՊԵԿ-ին, ստանա իր անհատական մուտքանունն ու գաղտնաբառը, մուտք գործի հարթակ ու դիմում ներկայացնի: Հարկ վճարողների սպասարկման վարչության պետը հիշեցնում է, թե ո՛ր պարագայում շահառուին կվերադարձվի եկամտային հարկը:
Արմինե Հովսեփյան - Երբ գործատուները ներկայացրած են լինում եկամտային հարկի հաշվարկները, և դրանք վճարած են լինում: Լինում են շատ դեպքեր, երբ շահառուները տեղյակ չեն լինում, որ գործատուները չեն վճարել, և դժգոհություն է առաջանում: Միևնույն ժամանակ, շահառուի վճարած տոկոսագումարի վերաբերյալ տեղեկատվությունը բանկերից պետք է փոխանցվեն ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով ՊԵԿ-ին:
Միայն այս երկու տվյալների առկայության դեպքում շահառուն կկարողանա դիմում ներկայացնել: