Մայրաքաղաքում այսօր ևս շարունակվել են ընդդիմության ակցիաները: Առավոտից ընդդիմադիր խմբերը ավտոերթեր են իրականացրել Երևանում, ինչպես նաև շարունակել փողոցներ փակել քաղաքի տարբեր թաղամասերում, որոնք ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ արագ բացվել են:
Ոստիկանությունը կեսօրին մոտ հայտարարություն տարածեց՝ մայրաքաղաքում փակ փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան: Օրվա տարբեր ժամերի ոստիկանությունը ցուցարարների է բերման ենթարկել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կասկածանքով: 16:00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 92 է:
Երեկ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել մարզերի բնակչությանը ևս ակցիաներ անցկացնել: Օրվա տարբեր ժամերին ցուցարարները փակել էին միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներ, ինչը դժգոհություն էր առաջացրել վարորդների շրջանում:
Մայիսի 4-ին ակցիայի մասնակիցների մի խումբ Պռոշյան փողոցում սուլոցներով ու վանկարկումներով ուղեկցել են փողոցում քայլող դերասան Սոս Ջանիբեկյանին, շշեր նետել նրա ուղղությամբ: Դեպքի առնչությամբ խոր մտահոգություն է հայտնել Հանրային հեռուստաընկերությունը:
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն - Համայն հայության ջանքերով նոր բնակավայրի կառուցման ողջ ընթացքը հանրությանը ներկայացնելու համար Սոս Ջանիբեկյանը իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Արցախում, ներկայացնում արցախցիների հոգսերն ու առօրյան։ Դատապարտում ենք Ջանիբեկյանի նկատմամբ այսպիսի հետապնդումը և հույս հայտնում, որ սթափ քաղաքացիները զգոնություն կցուցաբերեն և կկանխեն բռնության կիրառումը որևէ մեկի հանդեպ: Դեպքի առնչությամբ հրավիրում ենք նաև պատկան մարմինների ուշադրությունը»:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Լուրերին» հայտնել է, որ Սոս Ջանիբեկյանի նկատմամբ հանցավոր դրսևորումների վերաբերյալ դատախազությունը դեռևս տվյալներ ու հաղորդում չի ստացել: Ստանալու դեպքում կապահովվի պատշաճ իրավական ընթացակարգ: Աբրահամյանը միաժամանակ տեղեկացրել է, որ նյութեր են նախապատրաստվում Կիևյան կամուրջը բեռնատարներով փակելու երեկվա դեպքի վերաբերյալ:
Մեկ այլ հայտարարություն էլ քննչական կոմիտեն է տարածել, մայիսի 3-ին Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում: Ըստ նախնական տվյալների` ոստիկանը ցույցի մասնակիցներին հորդորել է ազատել երթևեկելի գոտին, ինչից հետո ցուցարարներից մեկը հարվածել է ոստիկանության ծառայողի դեմքին: Քննչական կոմիտեից հայտնում են, որ անձի ինքնությունը պարզվել է, միջոցներ են ձեռնարկվում վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեում հարուցվել է նաև մեկ այլ քրեական գործ. մայիսի 2-ին Կիևյան փողոցում ընդդիմության կազմակերպած նախաձեռնության մասնակից քաղաքացին մի խումբ անձանց հետ դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը, ինչը զուգորդվել է դեպքի վայրում գտնվող կնոջ նկատմամբ բռնության գործադրմամբ: Քննչական կոմիտեն հայտնել է, որ այդ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար, նա կալանավորվել է: Միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց նկատմամբ ևս համարժեք միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում:
Այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից «Շտապօգնության» մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացի՝ սրտի կանգով: Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն բուժաշխատողների բոլոր ջանքերը եղել են ապարդյուն, և գրանցվել է կենսաբանական մահ։
Երևանի քաղաքապետարանը հորդորել է ապատեղեկատվություն չտարածել, մանրամասնել՝ «Շտապօգնության» մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց, և 6 րոպեում էլ պացիենտը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս ամենն արձանագրված է համապատասխան փաստաթղթերում։ Հիշեցրել են՝ ըստ գործող չափորոշիչի, «Շտապօգնության» բրիգադը պետք է դեպքի վայր հասնի մինչև 15 րոպեում։
Լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած դժբախտ դեպքին՝ նշելով, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր է ունեցել ոստիկանների հետ:
Ոստիկանությունից հայտնեցին, որ մահացած քաղաքացին ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես նաև ակցիաների օրերին բերման չի ենթարկվել ոստիկանության որևէ բաժին` կոչ անելով դժբախտ դեպքը շահարկումների առարկա չդարձնել:
Երեկոյան արդեն Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր ուժերը հավաք անցկացրին: Մեկ րոպե լռությամբ հարգեցին այսօր մահացած քաղաքացու հիշատակը:
Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ փոխնախագահ) - Որքան էլ ոստիկանությունը պնդում է, որ ամեն ինչ հարթ է, փողոցներն էլ՝ բաց, իրենք ամեն օր ապացուցում են, որ փողոցները փակվում են, հավելեց՝ հանրային պահանջն արդեն ձևավորված է:
Այսօրվա երթին մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորման» տվյալով` այսօր երեկոյան տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել է մոտ 3500 քաղաքացի: