Արցախի Դրմբոն-Մարտակերտ ճանապարհահատվածում ադրբեջանական շարասյան մաս կազմող քարշակող բեռնատարի պատճառով վթարի է ենթարկվել ճանապարհի հանդիպակաց գոտով երթևեկող հայկական ավտոմեքենան և ընկել ձորակ, հաղորդում է Արցախի դատախազությունը:
Վլադիմիր Էլյազյան (տաքսու վարորդ) - Ես կանգնել էի, որ բաց թողեի շարասյունը, որովհետև նրանք կցորդ-ավտոմեքենաներով էին, դատարկ էին գնում, իսկ այդ ավտոմեքենաներն ընթանում էին 70-80 կիլոմետր ժամ արագությամբ: Եթե ես երթևեկեի, արդեն կգտնվեինք ավելի խոր ձորում:
Ոչ վարորդը, ոչ էլ ուղևորները չեն տուժել: Շարասյունն ուղեկցող ռուս խաղաղապահներն ադրբեջանական մեքենայի վրա հետքեր չեն գտել, քանի որ, ըստ տուժող կողմի, կցորդի անիվներն են բախվել տաքսիին: Վարորդի խոսքով՝ նման միջադեպ օրեր առաջ նաև հարևան Գետավանի մոտակայքում է տեղի ունեցել:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ուշադրություն է հրավիրում հանգամանքին, որ ադրբեջանցի վարորդը լքել է վթարի վայրը, ինչը քրեորեն պատժելի է:
Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Բեռնատարի վարորդը չի դադարեցրել մեքենայի ընթացքը, այլ շարունակել է երթևեկությունը՝ իմանալով, որ իր գործողությունների հետևանքով տաքսի մեքենան գլորվել է ձորը՝ մոտ 12 մետր:
Ստեփանյանը հիշեցնում է՝ 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական շարասյուները պարբերաբար են Արցախի քաղաքացիների ավտովթարի պատճառ դարձել:
Արցախի ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում` պարզելու վթարի ու բախման պատճառները, այն կանխելու հնարավորությունը և հասկանալու` բախումը դիտավորության, թե անզգուշության հետևանք է: