Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելիք STARMUS VI միջազգային գիտական փառատոնին ընդառաջ՝ այսօր կայացել է տեղեկատվական արշավի մեկնարկն ազդարարող առաջին միջոցառումը՝ մամուլի ասուլիսի ձևաչափով: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Փառատոնը Հայաստանում կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ ՀՀ Կառավարության հետ համագործակցությամբ՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների:
Ասուլիսի խոսնակներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը։
Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացվել են փառատոնի մանրամասները, համաշխարհային ճանաչում ունեցող հատուկ հյուրերի անունները և նախատեսվելիք միջոցառումները։
«Այսօր պաշտոնապես ազդարարում ենք STARMUS VI-ի իրականացման հետհաշվարկի մեկնարկը, և վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանում նմանօրինակ միջազգային փառատոնի հյուրընկալումն աննախադեպ իրադարձություն է ոչ միայն մեր երկրի, այլև ողջ տարածաշրջանի համար»,-փառատոնի մեկնարկն ազդարարել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ միջոցառումն իր յուրահատկությամբ կխթանի գիտության ու արվեստի զարգացումը Հայաստանում և հզոր գիտական համայնք ստեղծելու հնարավորություն կընձեռի` համատեղելով տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող արդյունաբերությունը, ուսումնական կենտրոնները և գիտական հաստատությունները: Նրա խոսքով՝ փառատոնի կազմակերպումը կստեղծի նաև համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում:
«Այն հարթակ կհանդիսանա երիտասարդ գիտնականների կարողությունների զարգացման համար, կխրախուսի նրանց նախաձեռնողականությունը և ներգրավվածությունը գիտական կյանքում: Մինչ այժմ Հայաստանում տարբերակված մոտեցում չի եղել բարձր տեխնոլոգիական և ոչ բարձր տեխնոլոգիական կրթության նկատմամբ, և գլոբալ առումով շոշափելի քայլեր չեն եղել: Հուսով եմ, որ STARMUS փառատոնը կկոտրի որոշ կարծրատիպեր և կլուծի իր առջև դրված այն գլխավոր խնդիրը, որ մենք համամարդկային արժեքների մի մասն ենք՝ և՛ գիտության, և՛ մշակույթի, և՛ շփման առումով: Մեր հասարակությունը կարիք ունի մտածելակերպի փոփոխության, որի կարևորագույն խնդիրը կրթությունն է: STARMUS փառատոնը հասարակությանը կտա այն ազդակը, որ գիտությունը, կրթությունը և մշակույթը համամարդկային գերագույն արժեքներ են: Միջավայրի փոփոխություն. սա է մեր գերխնդիրը, որն էլ իր հերթին կբերի մտածողության փոփոխության»,- փաստել է Վահրամ Դումանյանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի խոսքով՝ STARMUS VI փառատոնի անցկացումը մեր երկրում փաստում է, որ Հայաստանը գիտության, տեխնոլոգիաների, երաժշտության ու արվեստի բնագավառներում կարևոր դերակատարություն է ունեցել:
«Մեկ անգամ չէ, որ հայկական մտքի թռիչքն ու տաղանդը մարդկության պատմության մեջ համաշխարհային հաջողություն են գրանցել և հայ ազգին բերել ճանաչելիություն: Այսօր էլ վստահաբար կարող եմ ասել, որ մեր երիտասարդությունն իր ներուժով նոր խոսք և ասելիք կբերի գիտության ու տեխնոլոգիաների ոլորտ»,- ընդգծել է Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ փառատոնը կբարձրացնի Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում և կձևավորի մի հարթակ, որտեղ կարելի է օգտակար կապեր ձևավորել։
STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը հավելել է, որ մեր երկրում վերջին տարիներին գիտության մասսայականացման առումով լուրջ աշխատանքներ են իրականացվում: «Առաջին անգամ ՀՀ Կառավարությունը, ԿԳՄՍ նախարարությունը և Գիտության կոմիտեն այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր են անում, որի վառ օրինակը STARMUS փառատոնը Հայաստան բերելն է: STARMUS-ի ձևաչափն առանձնահատուկ է նրանով, որ հանրայնացնում և երիտասարդությանն է մոտեցնում գիտությունը՝ ամբողջացնելով այն արվեստով ու երաժշտությամբ»,- նշել է նա՝ տեղեկացնելով, որ միջոցառումներին մասնակցելու են հինգ տասնյակից ավելի աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ: Մասնավորապես՝ Հայաստանը հյուրընկալելու է աշխարհահռչակ Sons of Apollo խմբին, Ռիք Վեյքմանին, Սերժ Թանկյանին, Տիգրան Համասյանին և այլոց:
Ընդհանուր առմամբ փառատոնը Հայաստանի հանրության համար հասանելի է դարձնելու աշխարհահռչակ գիտնականների դասախոսությունները, արվեստի գործիչների կատարումներն ու գիտության առաջիկա զարգացումների մասին հետաքրքրաշարժ դասախոսություն-ներկայացումները։ Հայաստանում «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը, այդ թվում՝ Երևանից դուրս։
Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը կանցկացվի «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:
Հատկանշական է, որ «Մարս 3»-ը դեպի Կարմիր մոլորակ է տեղափոխել հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ Էմ) ռոբոտը։ STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներին, Նոբելյան մրցանակակիրներին, տիեզերագնացներին, մտածողներին, գիտության, մշակույթի ու արվեստի գործիչներին միավորող հարթակ, որի շրջանակում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։