Դավիթ Մուրադյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Ասիտա Կանկոն քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը նրա աջակցությունը, Եվրախորհրդարանի մոտեցումներն այդ հարցում, Ադրբեջանի կողմից ԵԽ բանաձևերի անտեսումը և Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումը մի քանի տարածաշրջանում:
- Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայերը և նրանց բարեկամները ոգեկոչեցին Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Այնուամենայնիվ, դեռ կան երկրներ, որոնք դեմ են 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելուն: Ի՞նչ կարծիքի եք այդ փաստի մասին։
ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵՆ, ՈՐ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՍԻՏԱ ԿԱՆԿՈ
Ասիտա Կանկո (Եվրախորհրդարանի պատգամավոր) - Նախևառաջ՝ թույլ տվեք հայտնել իմ անվերապահ աջակցությունը հայ ժողովրդին բոլոր հարցերում: Կցանկանայի նշել, որ մեր համոզմամբ՝ ամբողջ աշխարհում բոլորը պետք է ճանաչեն, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն: Եթե այն չճանաչվի, տառապանք կրած մարդիկ և այսօր ապրող մարդիկ չեն բուժվի և վերականգնվի: Երկրորդ՝ դա նմանատիպ երևույթների կրկնությունը հնարավոր է դարձնում ապագայում: Ահա թե ինչու պետք է ճանաչենք պատմության այդ դրվագը և հիշատակենք տառապանք կրած բազմաթիվ մարդկանց:
- Վկայությունների վրա հիմնված բազմաթիվ փաստեր կան, որ Թուրքիան ուղղակի կամ անուղղակիորեն ներգրավված է բազմաթիվ հակամարտություններում, սակայն Անկարան հերքում է դա։ Ի՞նչ կարծիքի եք այդ մասին։
ԱՅՆ, ԻՆՉ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է. ԱՍԻՏԱ ԿԱՆԿՈ
Ասիտա Կանկո - Եվրախորհրդարանում մի քանի անգամ բարձրաձայնել ենք դրա մասին: Մշտապես աջակցել եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Նաև մշտապես քննադատել եմ Թուրքիայի վարքը: Թուրքիան պետք է հարգի բոլոր միջազգային համաձայնագրերը: Սակայն այն, ինչ Թուրքիան անում է տարածաշրջանում, անընդունելի է: Վերջերս նկատել ենք մոտեցման որոշ փոփոխություն, որը, միգուցե, կապված է առևտրային կարիքների հետ: Սակայն այն, ինչի կարիքն ունենք, կայուն փոփոխությունը և միջազգային համաձայնագրերն իրապես հարգելն է:
- Թուրքիան, ընդհանուր առմամբ, ապակառուցողական դիրքորոշում է որդեգրել մի քանի տարածաշրջաններում՝ Կովկասում, Միջերկրական ծովում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս կապակցությամբ, և ինչպիսի՞ն է ընդհանուր ընկալումը Եվրախորհրդարանում այս հարցում։
ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ, ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԱԶԴՈՒՄ ԵՎ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ. ԱՍԻՏԱ ԿԱՆԿՈ
Ասիտա Կանկո - Եվրախորհրդարանի կողմից մեծ աջակցություն կա տարածաշրջաններում հակամարտությունների դադարեցմանը և կարիքավոր մարդկանց օգնության տրամադրմանը: Ես մի քանի անգամ հանդիպել եմ Բելգիայում Հայաստանի դեսպանի հետ՝ քննարկումներ անցկացնելու համար: Իրական աջակցություն կա: Բանաձևեր են ընդունվել և՛ Եվրախորհրդարանում, և՛ ազգային խորհրդարանում: Դրանք աջակցում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, Հայաստանին: Դրանք նաև պահանջում են Թուրքիայից դադարեցնել ներգրավվածությունը տարածաշրջանում: Ինչպես նաև դիտարկել ենք, թե ինչպես կարող ենք աջակցել տուժածներին: Այո՛, այստեղ կա ձեզ մոտ կատարվող իրադարձությունների հանդեպ շատ դրական վերաբերմունք: Նաև կա տարբեր տարածաշրջաններից, օրինակ՝ Մերձավոր Արևելքից եկող ճնշմանը դիմակայելու փորձ, որոնց նպատակը տարածաշրջանում ազդեցություն ստանալն է:
Նույնիսկ այստեղ՝ Բրյուսելում, կան կուսակցություններ, օրինակ՝ Սոցիալիստական կուսակցությունը, որոնց որոշ անդամներ դեմ են Ցեղասպանության ճանաչմանը: Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, անմիջականորեն ազդում և փոխանցվում է Եվրամիությանը: Սակայն այստեղ բնակվող թուրքերը մեծ աջակցություն են տրամադրում Էրդողանին: Կարծում եմ՝ անընդունելի է ապրել Բրյուսելում, ուտել Բելգիայի կառավարության տրամադրած սնունդը, օգտվել առողջապահական համակարգից և հավատարիմ մնալ Էրդողանին, որը նպաստում է այնպիսի գործընթացների, որոնք Հայաստանում բնակվող մարդկանց դնում են մի կացության մեջ, երբ նրանք հասանելիություն չեն ունենում նմանօրինակ ծառայություններին և հնարավորություններին: Կարծում եմ՝ դա եսասիրական մոտեցում է և պետք է անընդունելի լինի:
- Վերջերս Եվրախորհրդարանը հստակ ձևակերպումներով բանաձև ընդունեց, որը պահանջում է ազատ արձակել բոլոր գերիներին և հարգել մշակութային և հոգևոր ժառանգությունը։ Ադրբեջանն անտեսում է բանաձևերը և դեռևս պահում է ռազմագերիներին, կեղծում է պատմությունը և ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ փոխելու և ջնջելու հայկական հետքը իրենց վերահսկողության տակ անցած ժառանգությունից։ Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին, և ինչպիսի՞ն է Եվրախորհրդարանի տրամադրվածությունն այդ հարցում։
ԼՂ ՀԱՐՑԸ ՎՍՏԱՀԱԲԱՐ ԴՈՒՐՍ ՉԻ ԵԿԵԼ ՄԵՐ ՕՐԱԿԱՐԳԻՑ. ԱՍԻՏԱ ԿԱՆԿՈ
Ասիտա Կանկո - Եվրախորհրդարանը կարող է ևս մի քանի բանաձև ընդունել, որոնք նույնքան հզոր կլինեն, որքան այս վերջինը: Սակայն, կարծում եմ, որ որոշ ինքնակալ երկրներ, ոչ միայն Ադրբեջանը, կրկին կանտեսեն դրանք: Սակայն երկրների վրա ազդելու գործիքները Եվրամիության ձեռքին են: Այդ իսկ պատճառով բանաձևերում մենք Եվրահանձնաժողովին կոչ ենք անում երաշխավորել, որպեսզի նման երկրների պահվածքն ունենա հետևանքներ: Հնարավոր են հետևանքներ առևտրի, համագործակցության ուղղություններում: Պետք է գտնել, թե ի՛նչ գործիքներ կարող են վնաս պատճառել այդ երկրների ղեկավարներին, այլ ոչ թե մարդկանց, և պետք է գտնել, թե ո՛ր կոճակն է անհրաժեշտ սեղմել՝ մեր նպատակներին հասնելու համար: Մենք կշարունակենք հետևել իրավիճակին և չենք մոռանա դրա մասին: Այսօր կան այլ հակամարտություններ, որոնց մասին շատ է խոսվում: Երբեմն անհրաժեշտություն է առաջանում կենտրոնանալ մեկ կամ երկու ուղղությամբ: Սակայն դա չի նշանակում, որ մյուս խնդիրներն այլևս գոյություն չունեն: Դրանք դեռ կան, և մենք պետք է անդրադառնանք դրանց, և մենք Եվրախորհրդարանում կշարունակենք հետևողական լինել: Այդ հարցը վստահաբար դուրս չի եկել մեր օրակարգից:
- Արցախյան պատերազմի ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաները և Եվրախորհրդարանի շատ պատգամավորներ սահմանափակվում էին որոշ հայտարարություններով և մտահոգություններով, սակայն այժմ բարձրաձայնում և քայլեր են ձեռնարկում Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Եվ շատ հայեր հարց են տալիս՝ ինչո՞ւ է դա տեղի ունենում։
Ասիտա Կանկո - Նկատի ունեք խորհրդարանականների՞ն, որոնք աջակցություն էին հայտնում Ադրբեջանին:
- Նկատի ունեմ՝ ընդհանուր առմամբ: Ռուսաստանի դեմ կիրառվեցին պատժամիջոցներ, սահմանափակումներ կառույցների և անհատների հանդեպ, սակայն որևէ գործողություն Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ չեղավ, որոնք ագրեսիա էին իրականացրել հայերի և Արցախի հանդեպ:
ԵՂԵԼ ԵՆ ԿՈՉԵՐ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ. ԱՍԻՏԱ ԿԱՆԿՈ
Ասիտա Կանկո - Եղել են կոչեր և նախաձեռնություններ, որոնց իրականացումը հնարավոր էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում: Եթե մարդիկ կարծում են, որ պետք էր ավելին անել, մենք՝ որպես խորհրդարան, դա կգնահատենք և կփորձենք առաջ մղել: Հենց այդ պատճառով էր, որ մենք առաջ քաշեցինք գերիներին առնչվող բանաձևը:
- Գանք Հայաստան-Բելգիա հարաբերություններին. ինչպե՞ս կգնահատեք այս հարաբերությունները և որտե՞ղ եք տեսնում զարգացման ներուժ:
ԲԵԼԳԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է. ԱՍԻՏԱ ԿԱՆԿՈ
Ասիտա Կանկո - Տարբեր է: Բելգիան տարբեր մասերից է բաղկացած: Որպես ֆլամանդացիներ՝ մենք շատ լավ ենք հասկանում հայերին: Կարծում եմ՝ հարաբերությունները լավն են: Նաև կա համերաշխության կարևոր մակարդակ: Սակայն դրանից բացի, կա նաև Բելգիան՝ որպես դաշնային պետություն: Այս մակարդակում դեռևս կան կուսակցություններ, որոնք շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը: Իհարկե նրանց փոխարեն չեմ կարող խոսել, սակայն, կարծում եմ՝ պետք է նրանք չհանդուրժեն նման պահվածքը և մոտեցումը:
- Իսկ ո՞ր ոլորտներում և ուղղություններում եք տեսնում զարգացման հնարավորություններ:
Ասիտա Կանկո - Նկատի ունեք ներո՞ւժը:
- Այո՛, երկկողմ հարաբերությունների համար ի՞նչ հնարավորություն եք տեսնում:
Ասիտա Կանկո - Բելգիա-Հայաստան հարաբերությունների զարգացման կարևոր հնարավորություններից մեկը, կարծում եմ, կրթությունն է: Կարծում եմ՝ պետք է փորձի և գիտելիքի փոխանակում լինի թվային տեխնոլոգիաների ոլորտում: Մշակութային ոլորտը նույնպես կարևոր է, քանի որ մշակույթը ժողովրդի ոգին է: Մյուս կողմից էլ՝ մենք առևտուր ենք անում, օրինակ՝ Թուրքիայի, ԱՄՆ-ի, Աֆրիկայի հետ, սակայն պետք է առևտուր անենք նաև Հայաստանի հետ: Պետք է աշխարհում բոլորի հետ զարգացնել հարաբերությունները: Երբ այդ հարաբերություններում խնդիրներ են առաջանում, պետք է խոսել նաև այդ խնդիրների մասին: Ցավոք, կան երկրներ, որոնք Թուրքիայի հետ առևտուր անելիս մոռանում են այդ երկրի հետ խոսել նաև արժեքներից: Նրանք պետք է ասեն՝ «Տեսեք, մենք իրար հետ առևտուր ենք անում, սակայն կան բաներ, որոնք էթիկապես անընդունելի ենք համարում և պետք է հաշվի առնենք»: Թուրքիան բավական երկար ժամանակ կարողացել է անել այն, ինչ ցանկացել է:
- Տիկի՛ն Կանկո, շնորհակալություն հրավերն ընդունելու համար:
Ասիտա Կանկո - Շնորհակալ եմ, հուսամ՝ շուտով կայցելեմ Հայաստան:
- Շնորհակալություն, հուսանք՝ այդպես էլ կլինի: