281 խախտում՝ 38 ուսումնական հաստատությունում: Սա կրթական տեսչական մարմնի այս տարվա առաջին եռամսյակի ստուգման արդյունքն է:
Ռաիսա Գալստյան (կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ) - Խախտումների գերակշռող մասը վերաբերում է մանկավարժական աշխատողների ընտրությանը, նշանակման մրցույթի կարգին, խորհրդակցական մարմինների ոչ ճիշտ ձևավորմանը:
Երևանի 18 ուսումնական հաստատության կանոնադրության մեջ ներառված չեն եղել հանրակրթության մասին օրենքում կամ Կառավարության որոշումներում կատարված փոփոխությունները: Վերահսկող մարմինը նաև օլիմպիադաների անցկացման, ուսուցիչների մրցույթի կազմակերպման հարցում է խախտումներ գրանցել:
Ռաիսա Գալստյան - Ուսուցիչների նշանակմանն են հիմնականում վերաբերում. մասնագետը չունի որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն կամ համապատասխան ստաժ չունի, ընդունում են աշխատանքի, երբեմն բացատրվում է այն հանգամանքով մարզերում չկան մասնագետներ, որ առարկան դասավանդվի, տնօրենը ստիպված գնում է նման քայլի:
Մտահոգիչ է նաև աշակերտների «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների իմացությունը: Վերահսկող մարմինը ստուգվող 38 ուսումնական հաստատությունից 11-ում գրավոր աշխատանք է հանձնարարել, արդյունքներից գոհ չի մնացել:
Ռաիսա Գալստյան - «Հայոց լեզու» առարկայից միջին գնահատականը կազմել է 4,9 միավոր, 10 միավորային սանդղակում բավարարի շեմը հաղթահարվել է: Մաթեմատիկայի դեպքում վատ է վիճակը, բավարարի շեմը հաղթահարված չէ:
Իրավիճակը փոխելու համար կրթության տեսչական մարմինն «աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագիրն է իրականացնելու: 10 դպրոցի 4-րդ դասարանցիներին առաջադրանքներ կբաժանվեն, ու հարցերի միջոցով գիտելիքները կստուգվեն:
Ռաիսա Գալստյան - Փորձելու ենք լուծել հարցը. երեխան ընկալում է կարդացածը, գուցե շատ արագ կարդում է, բայց չի ընկալում կարդացածը:
Ծրագիրը կիրականացնեն Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի հետ համատեղ, ուսումնասիրությունների արդյունքներն էլ կամփոփի «իԳործ» ծրագրից ներգրավված մասնագետը:
Այստեղ ասում են՝ քանի որ խախտումների մեծ մասը հիմնականում չիմացության հետևանք են, տեսչականը իրազեկման, մեթոդական աջակցության միջոցով փորձում է դրանք կանխարգելել: