Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել խորհրդարանական պատվիրակությանը հայ-ֆրանսիական կապերի առավել զարգացման և ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար:
Հայոց Հովվապետն իր երախտագիտությունն է հայտնել ֆրանսիայի Սենատին Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես նաև Արցախի անկախության մասին բանաձևի ընդունման, արցախահայության արդար իրավունքների պաշտպանությանն ու գերիների վերադարձման խնդրին աջակցելու համար։
Վեհափառ Հայրապետը մտահոգությամբ է անդրադարձել նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգություններին, վերջինիս վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման դեպքերին՝ կարևոր նկատելով միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումն Ադրբեջանի որդեգրած նմանօրինակ քաղաքականությունը կանխելու հարցում։
Իր հերթին, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նշել է, որ Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս Հայաստան-Ֆրանսիա կապերի առավել սերտացմանն ու խորացմանը։
Դըվինազն իր մտահոգություններն է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հաստատելով, որ Ֆրանսիան ևս միջոցներ է ձեռնարկում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին և գործակցությանը Քույր Եկեղեցիների հետ: