ՌԴ-Ն ՊԵՏՔ Է ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԻ ԿԻԵՎԻՆ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ռուսաստանը և եվրոպական երկրները պետք է մասնակցեն Ուկրաինայի վերականգնման աշխատանքներին։ Նման համոզմունք է հայտնել Վոլոդիմիր Զելենսկին, հավելել՝ իր երկիրը «կռվում է ամբողջ Եվրոպայի համար»։
Նա պնդել է նաև, որ Ռուսաստանը պետք է փոխհատուցում տրամադրի Կիևին։
«Ուկրաինային կպահանջվի 600 միլիարդ դոլար՝ տնտեսությունը և ենթակառուցվածքները վերականգնելու համար»,- մանրամասնել է Զելենսկին, խոստացել՝ երկիրն արագ կվերականգնվի և գրավիչ պայմաններ կապահովի օտարերկրյա ներդրողների համար։
Նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վերադառնա մինչև փետրվարի 24-ը զբաղեցրած դիրքերը և ընդգծել Ղրիմը վերադարձնելու անհրաժեշտությունը։
Նա նաև կասկած է հայտնել, թե Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն։
«Պատվիրակությունների մակարդակով շփումները շարունակվում են։ Քննարկվում են առաջնորդների հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Ռուսական կողմի հետ երկխոսությունը պետք է շարունակել այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանի նախագահը պաշտոնական հայտարարությամբ հանդես գա»,- նշել է Զելենսկին։
Նախօրեին Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու Կիևի հետ երկխոսությունը՝ չնայած ուկրաինական կողմի ոչ հետևողական գործելաոճին։
«ԱԶՈՎՍՏԱԼՈՒՄ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՏՈՒՅԳ ԹԻՎԸ ՀԱՅՏՆԻ ՉԷ
«Ազովստալ» գործարանի տարածքում կան քաղաքացիական անձինք, նրանց ստույգ թիվը հայտնի չէ, հայտարարել է Ուկրաինայում ՄԱԿ-ի համակարգող Օսնատ Լուբրանին։
Նա հայտնել է, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները Մարիուպոլի շրջանից տարհանել են 159 մարդու, այդ թվում՝ կանանց և երեխաների։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ ապրիլի 30-ին և մայիսի 1-ին Ազովստալի և հարակից տարածքներից տարհանվել է ավելի քան 120 մարդ։ Ուկրաինական կողմը հայտնել է 150-ից ավելի քաղաքացիական անձի տարհանման մասին։
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԸ՝ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԵՏ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ուկրաինայում ճգնաժամը շրջադարձային կետ է պատմության մեջ, որը տեղի է ունենում 6-8 տարին մեկ, նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահը Ալաբամայում Javelin հակատանկային համակարգեր արտադրող գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանը։
Ջո Բայդենը կարծիք է հայտնել, որ ուկրաինական իրադարձությունները ժամանակակից աշխարհում ժողովրդավարության և ինքնակալության միջև առաջին իրական ճակատամարտն է։ «Ուկրաինացիները կարողանում են կռվել, քանի որ Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները պահում են նրանց թիկունքը։ Վաշինգտոնը 5500 Javelin է ուղարկել Ուկրաինա։ Շատ տարիներ առաջ մենք օգնեցինք պաշտպանել Եվրոպայի ազատությունն ու ինքնիշխանությունը։ Նույնը անում ենք հիմա»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:
Նա ևս մեկ անգամ հորդորել է ԱՄՆ Կոնգրեսին հնարավորինս արագ հավանություն տալ Ուկրաինային 33 միլիարդ դոլարի լրացուցիչ աջակցության փաթեթին։
ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ 6-ՐԴ ՓԱԹԵԹԸ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ այսօր կներկայացվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որի շրջանակում Եվրամիությունը կարգելի Ռուսաստանից նավթի ներկրումը։
Նրա խոսքով՝ սահմանափակումներ կկիրառվեն Սբերբանկի և պետական 3 հեռարձակողի նկատմամբ։ Առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել նաև Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի նկատմամբ։
ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանի և Բելառուսի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել, քննարկել գործակցության մի շարք ուղղություններ, այդ թվում ՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մայիսին կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:
«Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել են նաև Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքին, վերահաստատել երկու երկրի միջև դաշնակցային հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամությունը»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Բելառուսի ՊՆ-ից էլ հայտնում են, որ բելառուսական բանակում մեկնարկել է արձագանքման ուժերի անակնկկալ ստուգում։
Նշվում է, որ ստուգման նպատակն է գնահատել անձնակազմի պատրաստականությունը՝ արագ արձագանքելու հնարավոր ճգնաժամային իրավիճակներին։
ՆԱՎԹԱԲԱԶԱՅՈՒՄ ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ
Ուկրաինական կողմի հարվածներից հետո Մակեևկա քաղաքի նավթաբազայում հրդեհ է բռնկվել, այրվել է 4 պահեստարան, կան տուժածներ, հայտնում են Դոնեցկի տարածքային պաշտպանության շտաբից։
Ուկրինական կողմի տվյալով էլ՝ ռուսական ուժերը մոտ 18 հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, թիրախավորվել են մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Լվովը, Կիևի, Օդեսայի, Դոնեցկի շրջանները։
ՃԱՊՈՆԻԱՆ ԲՈՂՈՔ Է ՀԱՅՏՆԵԼ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻՆ
Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել Հյուսիսային Կորեայի իշխանություններին՝ Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու կապակցությամբ։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարի տեղակալը։
«Թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է մոտ 800 կմ, այն, ենթադրաբար, Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս է ընկել»,- ասել է Մակոտո Օնիկին:
Վերջին տվյալով՝ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Սա Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռների արդեն 14-րդ փորձարկումն է։