ԶԵՆՔ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՆԱՏՕ-Ի ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿՈՉՆՉԱՑՎԵՆ
Ուկրաինայի համար այդ երկրի տարածքում զենք տեղափոխող ՆԱՏՕ-ի տրանսպորտային միջոցները կոչնչացվեն՝ զգուշացրել է ՌԴ պաշտպանության նախարարը։
«Ռուսաստանի զինված ուժերը կշարունակեն կատարել գերագույն գլխավոր հրամանատարի առաջադրած բոլոր խնդիրները»,- վստահեցրել է Սերգեյ Շոյգուն։
Նրա խոսքով՝ ռուս զինվորականները վերահսկում են Մարիուպոլը, խաղաղ կյանքը տարածաշրջանում վերականգնվում է։
«Ռուսական բանակը Լուգանսկի և Դոնեցկի ստորաբաժանումների հետ ընդլայնում է վերահսկողությունն այդ երկու հանրապետության տարածքների նկատմամբ»,- հայտնել է նախարարը։
Շոյգուն հավելել է, որ ռուսական կողմը փորձում է համոզել «Ազովստալ»-ում շրջափակված ազգայնականներին` ազատ արձակել խաղաղ բնակիչներին և վայր դնել զենքը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի կոչերն անտեսվում են։
ԵՐԿՍԱՅՐ ԶԵՆՔ. ՊԵՍԿՈՎԸ՝ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ազովստալ» գործարանի շուրջ իրավիճակը մեկնաբանել է նաև Կրեմլի խոսնակը, հստակեցրել՝ Ռուսաստանի զինված ուժերը ոչ թե գրոհում են «Ազովստալը», այլ ճնշում գրոհայինների առաջխաղացման փորձերը։
Դմիտրի Պեսկովը նշել է նաև, որ Ուկրաինան ամեն օր փոխում է բանակցությունների սեղանին դրված հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը։
«Վստահ չենք, թե պատվիրակությունների շփումները արդյունավետ կլինեն»,- մտահոգություն է հայտնել պաշտոնյան, նաև հավելել՝ Վլադիմիր Պուտինի և Հռոմի պապի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։
Պեսկովն անդրադարձել է հակառուսական պատժամիջոցներին։
«Դա երկսայր զենք է, Արևմուտքը օրեցօր կզգա այդ սահմանափակումների ազդեցությունը։ Կրեմլը հետևում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մշակման ընթացքին, դիտարկում հնարավոր պատասխան քայլերի տարբերակներ»,- ընդգծել է խոսնակը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովից հայտնել էին, որ պատժամիջոցների նոր փաթեթով ԵՄ-ն կարգելի Ռուսաստանից նավթի ներկրումը։ Սահմանափակումներ կկիրառվեն ռազմական գործողության հետ կապված մի շարք անձանց, «Սբերբանկի» և պետական 3 հեռարձակողի նկատմամբ։ Դրանք կտարածվեն նաև Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի նկատմամբ։
Մոսկվայի պատրիարքության հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան արձագանքել է․
«Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հնարավոր ներառումը ԵՄ պատժամիջոցների ցանկում ոչ մի կապ չունի ողջախոհության հետ, եկեղեցուն ինչ-որ ցանկերով վախեցնել անհնար է»։
ԿԻԵՎԸ ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԻ ՌԴ-Ի ՀԵՏ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՍԱՌԵՑՄԱՆԸ
Կիևը Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը չի համաձայնի, հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ նման հեռանկարը որակելով «դիվանագիտական ճահիճ»։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ նախկինում Մինսկի համաձայնագրերը անլուրջ փաստաթղթեր են եղել։
«Ես դեմ եմ, նման փաստաթուղթ մենք այլևս չենք ունենա։ Ուկրաինան չի խախտել մինսկյան պայմանավորվածությունները և դուրս չի եկել բանակցային գործընթացից։ Դա արել է Ռուսաստանը՝ լայնամասշտաբ պատերազմ սկսելով»,- ընդգծել է նախագահը։
ՌԴ-Ի ՀԵՏ ՀԻՄՆԱԴԻՐ ԱԿՏԸ ՉԻ ԽԱՆԳԱՐԻ ՆԱՏՕ-ԻՆ
1997 թվականի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործակցության վերաբերյալ հիմնադիր ակտը չի խանգարի Դաշինքին` ընդլայնել իր ռազմական ներկայությունը Եվրոպայի արևելքում, հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը։
«Մենք չենք չեղարկի համաձայնագիրը, դա չի կանգնեցնի մեզ: Վերջին ամիսներին փորձել եմ կապ հաստատել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ, սակայն դա ինձ չի հաջողվել»,- նշել է Ռոբ Բաուերը։
Հիմնադիր ակտում, մասնավորապես, ասված է, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն այլևս իրար հակառակորդներ չեն համարում և հրաժարվում են զգալի ռազմական ուժեր տեղակայել մեկը մյուսի սահմանների մոտ:
ԵՄ-Ն ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՄՈԼԴՈՎԱՅԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Եվրամիությունը դիտարկում է Մոլդովային լրացուցիչ ռազմական օգնության տրամադրելու հնարավորությունը և կոչ անում խուսափել չճանաչված Մերձդնեստրում էսկալացիայից։ Այդ մասին Քիշնևում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։
Շառլ Միշելն ընդգծել է, որ Մոլդովային աջակցության շրջանակում Միությունն արդեն որոշումներ է կայացրել «լոգիստիկ և կիբերանվտանգության ոլորտներում հնարավորություններն ընդլայնելու մասին»։
Նախագահ Մայա Սանդուն, իր հերթին, նշել է, որ դեռևս չի կարող բացառել Մերձդնեստրում իրավիճակի սրացումը, սակայն հավելել է՝ Մոլդովայի կառավարությունը գործողությունների ծրագրեր է մշակում։
Անցած շաբաթ Մերձդնեստրում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել։ Ինքնահռչակ հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկին կատարվածի համար մեղադրել է Ուկրաինային։
ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃՆՇՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՈՒԺԵՂԱՑՎԵԼ
Իրանական միջուկային գործարքի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։
«Այնուհանդերձ, շատ աշխատանք կա անելու: Համաձայնության դեռ չենք հասել։ Եթե դիվանագիտությունը հաջողության չհասնի, մենք կշարունակենք գործակցել միջազգային հանրության ներկայացուցիչների հետ՝ ուժեղացնելու Իրանի վրա ճնշումը»,- նշել է Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։