Հայաստանյան հանքերի, էներգետիկ կառույցների ու լրատվամիջոցների հետևում ովքե՞ր են կանգնած, ովքե՞ր են դրանց իրական շահառուները․ ինֆորմացիան արդեն կարելի է գտնել Պետռեգիստրի կայքից։
Բազայում այս պահին տեղեկատվություն է ներբեռնված մոտ 1600 իրավաբանական անձի վերաբերյալ։ Պետությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության, տնտեսվարողների շրջանում սկսել է թափանցիկություն պարտադրող բարեփոխումը։ Հերթն այժմ տվյալների ճշգրտմանն և դրանք օգտագործելով կոռուպցիոն բացահայտումներ կատարելունն է՝ ասում է Բաց կառավարման գործընկերության վարչապետի աշխատակազմի համակարգողը։
Լիլյա Աֆրիկյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստանի համակարգող) - Պետական ռեգիստրը արտոնություն է տվել հատկապես հետաքննող լրագրողներին՝ ավելի լայն տվյալների տիրապետելու:
Լրագրողներին զուգահեռ՝ ցանկալի է նաև հասարակական կազմակերպությունները կարողանան էլեկտրոնային հարթակում տեսնել հնարավորինս շատ տեղեկատվություն՝ հարց է բարձրացնում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարը, հատկապես երբ կասկածներ են ունենում, թե՝ ինչ-ինչ անձինք տվյալ ընկերությունում իրականում տիրապետում են պարտադիր գրանցման 20 տոկոս շեմից շատ մասնաբաժնի։ Ռեֆորմը ձևական կդառնա՝ եթե չօգնի ջրի երես հանել թղթաբանությամբ թաքնվող սեփականտերերին՝ ասում է Շուշան Դոյդոյանը։
Շուշան Դոյդոյան (ԻԱԿ նախագահ) - Ներգրավել, շահագրգռել, որպեսզի ակտիվորեն օգտագործեն էս տվյալները և օգնեն պետությանը՝ բացահայտելու դիտավորյալ հատկապես կեղծումները:
Քանի որ համակարգը նոր է, և Պետռեգիստրն ինքը՝ դեռ միայն Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տվյալները ստուգելու հնարավորություն ունի, բազա մուտքագրված կեղծ-սխալ տվյալ առայժմ չեն բացահայտել։ Նման դեպքերի համար տուգանքը, ի դեպ, 300-500 հազար դրամ է։ 30-100 հազար դրամ է՝ իրական շահառուների մասին ինֆորմացիան չներկայացնելու վարչական պատիժը․ սա ևս մինչև հիմա չի կիրառվել։ Ընկերությունները ոչ թե խուսափում են, այլ չգիտեն, որ պարտավոր են հայտարարագիր ներկայացնել: Պահանջն այս տարվանից վերաբերում է առևտրային բոլոր կազմակերպություններին՝ ՍՊԸ-ներին ու բաժնետիրական ընկերություններին, իսկ գալիք հունվարից նաև՝ միայն ֆիզիկական անձ-մասնակից ունեցող ընկերություններին, ՀԿ-ներին, հիմնադրամներին ու կուսակցություններին՝ ժամանակացույցը հրապարակում է արդարադատության նախարարի խորհրդականը։
Երկրում ֆինանսական թափանցիկության բարձրացման նպատակով Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինն էլ առաջիկայում ընկերություններին կպարտադրի աշխատակիցների հետ կնքվող պայմանագրերը՝ գործի ժամերի, պայմանների ու վարձատրության մասին էլեկտրոնային դարձնել և մուտքագրել հատուկ հարթակ։
Այս ինֆորմացիան արդեն բաց կլինի միայն որոշ օղակների համար․ բազայից տվյալներ կկարողանան օգտագործել, ասենք, հարկայինում՝ ստվերի կամ կոռուպցիոն բացահայտումների համար։