Ազգային ժողովում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին այսօր ներկա էին նաև նախորդ օրերին նիստերը բոյկոտած ընդդիմադիր պատգամավորները:
Նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:
Պատասխանելով պատգամավորին՝ վարչապետը հայտարարեց՝ ԼՂ բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը, և նա այդ մասին խոստովանել է 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը կանգնած է, լավատեսություն չի ներշնչում:
«Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին՝ ասելով, որ այլևս երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը. սա՝ առաջինը. եկեք սա արձանագրենք»,- ասաց վարչապետը:
Վարչապետը հիշեցրեց՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից ասել է հետևյալը.
«ՀՀ սիրելի քաղաքացիներ, ԱԺ պատգամավորներ, ես հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը դրա համար կա պայման, պետք է համաձայնվենք, որ ԼՂ-ը լինի ԼՂ ինքնավար մարզի նման կարգավիճակ ունեցող մի միավոր, այսինքն՝ Ադրբեջանի կազմում: Եթե վերադառնանք և միացնենք այս տրամաբանությունը Սերժ Սարգսյանի առաջ քաշած տրամաբանությանը, կստացվի հետևյալը, որ, ըստ էության, պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պահանջները, այսինքն՝ ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում:
Խոսում եք նշաձողերի մասին: Ես ուզում եմ հիշեցնել Ձեզ, պարոն Ռուստամյան, ես ուզում եմ արձանագրել, որ այն պահին, երբ որ նաև Ձեր իշխանությունը, դուք այդ ժամանակ եղել եք Կառավարության մաս, ՀՀ-ն ընդունել է Մարդրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից դուք ճանաչել եք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»: Ապա Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քիչ անց բացահայտում է անելու, ինչից հետո ընդդիմադիրները լքեցին դահլիճը: