Աշխարհի 180 պետությունների շարքում մամուլի ազատության մակարդակով Հայաստանը 51-րդ տեղում է: Միջազգային ամենահեղինակավոր լրագրողական կառույցներից «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Մամուլի ազատության ինդեքս 2022-ի համաձայն՝ մեր երկիրը, նախորդ տարվա համեմատ, 12 կետով առաջընթաց է գրանցել: Հարավային Կովկասում, խոսքի ազատության մակարդակով, Հայաստանն առաջատար է, հարևան Վրաստանը 89-րդ, Թուրքիան 149-րդ տեղում է, Ադրբեջանը, ըստ զեկույցի, 154-րդ, իսկ Իրանը 178-րդ հորիզոնականում է:
Սարգիս Խանդանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Նախորդ տարիների համեմատ Հայաստանը շարունակում է առաջ ընթանալ մամուլի ազատության հարցում, բայց պետք է արձանագրել, որ ժողովրդավարության ամրապնդման հարցում այս առումով նաև խոցելի կետեր, խնդիրներ կան:
Չնայած Հայաստանում բազմակարծության միջավայրին՝ զեկույցի համաձայն՝ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ. փորձագետների կարծիքով՝ երկիրը բախվում է ապատեղեկության և ատելության հրահրման աննախադեպ մակարդակի՝ հատկապես Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում:
Աշոտ Մելիքյան (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ) - Սա ամենամեծ խնդիրն է թերևս մեր տեղեկատվական դաշտի, դրանք հիմնականում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ, երբ մի ճամբարի լրատվամիջոցը հայտնվում է հակառակ ճամբարում, և հակառակը:
Մամուլի ազատության ինդեքսում նշվում է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի մեդիադաշտն ընդլայնվել է, սակայն լրատվական դաշտի իրավական կարգավորումների հարցում դեռևս բավական անելիքներ կան. վերջին բարեփոխումները դեռևս չեն լուծել ապատեղեկության և աղբյուրների չբացահայտման հետ կապված խնդիրները:
Սարգիս Խանդանյան - Իմ կարծիքով՝ դրա ծնող պատճառներից մեկը իրական սեփականատերերին բացահայտելն է: Մենք գիտենք, որ հատկապես հետհեղափոխական շրջանում մի շարք լրատվամիջոցներ շարունակում են մնալ ընդդիմության ձեռքում. ես նկատի չունեմ, որ դրանք լինեն իշխանության ձեռքում, դրանք շարունակում են որպես քաղաքական պայքարի գործիք լինել:
Հայաստանում խոսքի ազատության, տեղեկատվության ոլորտի բարեփոխումների համար օրենսդիր, գործադիր մարմինները և 10 լրագրողական կազմակերպություններ հուշագիր են ստորագրել մեդիա ոլորտը կարգավորող օրենսդրական արդյունավետ նախագծերի ստեղծման, իրականացման համար, ինչը կնպաստի լրատվամիջոցների արդյունավետ աշխատանքին: