Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ կազմակերպել է «Հայաստանի գինիներ» երկրորդ կույր-համտես մրցույթը:
Հայարփի Շահինյան (Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջազգային ծրագրերի փորձագետ) - Այս տարի մասնակցում է 43 հայկական գինեգործական ընկերության 145 տեսակ գինի՝ կարմիր, սպիտակ, վարդագույն, փրփրուն և այլ տեսակի հատուկ գինիներ նույնպես ունենք:
Միջազգային չափանիշներով անցկացվող, հարյուր բալային համակարգով գնահատվող մրցույթի անցողիկ շեմը հաղթահարած գինիները կստանան «Հայաստանի գինիներ» որակի հավաստման տարբերանշան:
Սիրվարդ Ամատունի (GIZ ծրագրի փորձագետ) - Այս պրոյեկտը շատ լավ օրինակ է հանրային և մասնավոր հատվածների համագործակցության, քանի որ առաջին անգամ մենք ներդրեցինք որակի հավաստման մեխանիզմ՝ անկախ նրանից՝ փոքր, միջին թե մեծ գինու արտադրողներ են, նրանք կարող են, անցնելով 85 բալի շեմը, ներկայացված լինել եվրոպայում:
Մրցույթի նպատակն է ներդնել և գործարկել հայկական գինիների որակի ստուգման համակարգ, սահմանել գինիների արտադրության որակական նոր չափանիշներ և ճանաչելի դարձնել «Հայկական գինիներ» ապրանքանիշը: Կույր համտեսի մասնակից փորձագետները վերապատրաստվել և հավաստագրվել են:
Հայարփի Շահինյան - Անցել են 6-օրյա վերապատրաստողական դասընթացներ և արդեն ստացել են որակավորում, որպեսզի օբյեկտիվ և զգայորոշման մեխանիզմները համապատասխանաբար կիրառելով՝ կարողանան գնահատել հայկական գինիները:
Վլադի խոսքով՝ Եվրոպայում տարեցտարի ավելանում է հայկական էնդեմիկ խաղողի սորտերից պատրաստված գինիների նկատմամբ հետաքրքրությունը: Շնորհիվ յուրահատուկ համային ու բույրային համադրության՝ հայկական որակյալ գինիները արժանանում են խստապահանջ եվրոպացի սպառողների բարձր գնահատականին:
Վլադ Խաչատրյան (գինու փորձագետ) - Շատ գինիներ կհայտնվեն, որոշ գինիներ չեն հայտնվի, բայց ես կասեի, որ մեծ մասը գինիների, որ մենք փորձել ենք, ես կարծում եմ, որ հայտնվելու են եվրոպական շուկայում և կգոհացնեն շատ եվրոպական գինեսերներին:
Մրցույթի արդյունքները, կամփոփվեն մայիսի վերջին: Անցողիկ շեմը հաղթահարած գինիները կտեղափոխվեն Բեռլինում գործող լոգիստիկ կենտրոն ու կներկայացվեն www.winesofarmenia.store հայկական գինիների առցանց վաճառքի միասնական հարթակում:
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան