Տարին 12 ամիս այստեղ աշխատանքը եռում է: Մեր երկրում արտադրվող ապակե տարաների կեսից ավելին հենց այս գործարանում է արտադրվում: Հումքից մինչև պատրաստի արտադրանք՝ նախ բովախառնուրդը լցնում են ապակեհալման վառարան:
Եվ արդեն պատրաստի ապակին լցնելով հատուկ կաղապարների մեջ` ստանում են տարբեր տեսակի տարաներ:
Կորյուն Մարգարյան (արտադրության գծով պատասխանատու) - Հումքի տեսակից կախված վերամշակում են, չորացնում, մանրացնում, ազատում թափոններից, այնուհետև լիցքավորում ենք վառարանները:
Ապակե տարաների համար որպես հումք օգտագործում են կվարցային ավազ, կալցիումացված սոդա, տրավերտինի և դոլոմիտի փոշի և այլ խառնուրդներ: Իսկ թե ինչպես են ստանում տարբեր գույների տարաներ՝ չեն բացահայտում:
Կորյուն Մարգարյան - Գաղտնի տեխնոլոգիա է, կարելի է ասած:
Օրինակ՝ գինու 50 շիշ արտադրելու համար մոտավոր հաշվարկով պահանջվում է մոտ մեկ րոպե, ասում է արտադրության գծով պատասխանատուն: Ամեն ինչ գրեթե ավտոմատացված է:
Ապակե այս տարաներն արտադրվում են վրացիների պատվերով: Ընկերության արտադրանքի մոտ կեսն էլ Վրաստան է արտահանվում: Ռուսական և մոլդովական շուկաներում էլ հայկական ապակե տարաները պահանջարկ ունեն:
Մհեր Կիրակոսյան («Սարանիստ» ընկերության առևտրի գծով տնօրեն) - Որակով և մյուս պարամետրերով մրցակցում են աշխարհի լավագույն ձեռնարկությունների հետ:
Բավարարում են նաև ներքին պահանջարկը: Գործարանում աշխատանքը 24 ժամ չի դադարում: Նույնիսկ մեկ ժամ չաշխատելու դեպքում մեծ վնասներ կկրեն:
Մհեր Կիրակոսյան - Դու չես կարող էսօր գործերդ վատա, անջատես, գնաս, կլավանա կգաս, պարտավոր ես միշտ արտադրել, միշտ հոսքը կա, եթե կորուստներ ունենաս, կորուստներդ ստրատեգիական կարող են լինել:
Արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու նպատակով նախատեսում են վերակառուցել ապակու հալման վառարանը: Այդ նպատակով նոր սարքավորումներ կներմուծեն, կօգնի կառավարությունը՝ տրամադրելով մաքսատուրքից ազատելու արտոնություն:
Մհեր Կիրակոսյան - Շատ մեծ նշանակություն ունեցավ հենց այս ժամանակահատվածում, մեզ հնարավություն տվեց երկարաժամկետ և կարճաժամկետ խնդիրներ լուծել:
Ծրագրի շրջանակում 700 մլն դրամի ներդրում կանեն:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան