Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 4-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Քրիստիննե Գրիգորյանը Ֆրանսիայի սենատորներին շնորհակալություն է հայտնել վճռորոշ հայանպաստ քաղաքականության հետևողական իրականացման համար։
Պաշտպան Գրիգորյանը գործընկերներին է ներկայացրել Պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթությունները, ընտանիքում բռնության դեմ պայքարի, կանանց հզորացման, կանանց և տղամարդկանց հավասարության ապահովման, խտրականության դեմ պայքարի ոլորտներում իրականացվող միջոցառումները։
Պաշտպան Գրիգորյանն հատուկ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հրատապ ու բացարձակ անհրաժեշտությունը, ներկայացրել ադրբեջանական իշխանությունների կողմից հայատյաց քաղաքականության շարունակվող օրինակները, Արցախ ու Հայաստանի սահմանամերձ համայնքներ կատարած այցի արդյունքներով վերհանված անվտանգային ու հումանիտար խնդիրները՝ ներկայացնելով նաև տեղահանված անձանց սոցիալական և հոգեբանական մարտահրավերները ու դրանց լուծմանն աջակցելուն ուղղված Պաշտպանի հաստատության ամենօրյա գործողությունները։
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը շնորհավորել է Պաշտպանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն ու քաջություն մանդատի իրականացման համար։
Պատվիրակության անդամները հարցեր են ուղղել Պաշտպանին, մասնավորապես հետաքրքրվել են ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում Պաշտպանի հաստատության կողմից իրականացվող գործողություններով, կանանց իրավազորմանն ուղղված միջոցառումներով, ինչպես նաև Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հետ կապված իրավական գործընթացներով։
Պատվիրակության անդամներն իրենց խոսքում անդրադարձել և քննադատել են Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության շարունակվող դրսևորումները։