ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
ԱԽ քարտուղարը Վրաստանի վարչապետին է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները:
Երկուստեք բարձր են գնահատվել վարչապետ Փաշինյանի և վարչապետ Ղարիբաշվիլիի ջերմ հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ հարաբերությունների նման դրական որակը կփոխանցվի հայ-վրացական համագործակցությանը՝ այլ մակարդակներում:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների ընթացքը:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, ինչի համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը Հարավային Կովկասում անվտանգային խնդիրների լուծման և տարածաշրջանում կայունության պահպանման վերաբերյալ:
Քննարկվել են տարածաշրջանային տնտեսական և հումանիտար հարցերում Վրաստանի միջնորդության հեռանկարները:
Զրուցակիցների ուշադրության կենտրոնում է եղել նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա, ինչի շրջանակներում կիսվել են իրենց երկրների մարտահրավերների կառավարման փորձով: