Հայաստանի չորս մարզում համայնքների խոշորացումը կշարունակվի: Անցած տարիներին արդեն իսկ խոշորացված 13 համայնք նոր միավորումների կբաժանվեն:
Աշոտ Գիլոյան (ՀՀ ՏԿԵ նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ) - Չորս մարզում 13 նախկին համայնք միավորվում են, դառնում են 5 համայնք: Ճամբարակն ու Շողակաթը նորից միավորվում են, Ալավերդին, կողքը Ախթալան, Շնողը ու Օձունը միավորված համայնքներ էին ավելի փոքր բնակավայրերի քանակությամբ հիմա դրանք միավորվում են նախկին Թումանյանի շրջանի գաղափարախոսության ներքո Ալավերդի կենտրոնով:
Արագածոտնում՝ Թալին, Գեղարքունիքում՝ Ճամբարակ, Լոռիում՝ Ալավերդի, Տաշիր, Սյունիքում` Սիսիան համայնքային փնջերում կընդգրկվի 141 բնակավայր: Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելիս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մի քանի հանգամանք է հաշվի առել: Նախ՝ բնակչության կարծիքը:
Աշոտ Գիլոյան - Հիմնական մոտեցումը մեր քաղաքացիների, երբ որ իրանք սկսում են մտածել, թե որ համայնքը, բնակավայրը ում հետ միանա, իրանք, վերջին հաշվով, գալիս են նախկին շրջանի տարբերակին՝ հիշողությամբ պայմանավորված տարբեր հանգամանքներ կան, նաև ֆինանսական ու տնտեսական հաշվարկները ցույց են տալիս որ նախկին շրջանային գաղափարախոսությամբ մասշտաբի էֆեկտը և համայնքը տնտեսապես ավելի հզոր է:
Այս վարչատարածքային բաժանումը արդյունավետ է թե՛ հողերի օգտագործման, թե՛ մարդկային ռեսուրսների տեսանկյունից՝ ասում է մասնագետը:
Աշոտ Գիլոյան - Մեր բոլոր միավորված համայնքներում հաջորդ տարի համայնքների եկամուտների բազային թիվը 25-70 տոկոս ավելանում է:
Բացի քաղաքացիների կարծիքից՝ մեկ այլ հանգամանք ևս հաշվի է առնվել. այս համայնքներում ընտրված ղեկավարները մինչև նոյեմբեր պաշտոնավարման ժամկետ ունեն: Թեև Սահմանադրությունը թույլ է տալիս լիազորությունների վաղաժամկետ դադարեցում, սակայն Կառավարությունն այդ քայլին չի գնացել:
Աշոտ Գիլոյան - Կառավարությունը քաղաքական խոստում էր տվել, որպեսզի այն համայնքներում, որտեղ խոշորացում ենք անում՝ կսպասենք մինչև ընտրված իշխանության, համայնքի ղեկավարի ավագանու լիազորությունների ժամկետը լրանա:
Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 25-ին. նոյեմբերի 5-ին համայնքների ղեկավարների լիազորությունները կդադարեն: