Գնաճի և ֆինանսական կայունության տարեկան հաշվետվություններին զուգահեռ` Կենտրոնական բանկը հրապարակում է նաև ընդհանուր հաշվետվություն: Սա, ի տարբերություն նախորդ երկուսի, օրենսդրական պահանջ չէ, այլ հաշվետվություն հանրությանը՝ ինչ է արվել մեկ տարում, պետության համար ինչ կարևորություն ունեն իրականացված միջոցառումները: 2021-ը ԿԲ-ն համարում է հաջողած տարի կամ, ինչպես իրենք են բնութագրում, վերականգնման:
Մարգարիտա Փանոյան (ՀՀ ԿԲ ռազմավարության պլանավորման և վերլուծությունների բաժնի պետ) - Շատ կարևորում ենք 21 թիվը, որովհետև թե՛ ընդհանրապես միջազգային գործոնները, թե՛ մեր ներքին գործոնները էնպես արեցին, որ անորոշությունները շատ էին այս ընթացքում, և շատ դրական էր, որ 21 թիվը եղավ վերականգնման տարի՝ ֆինանսական կառույցների և ֆինանսական համակարգի ներքո, դա նաև ցույց է տալիս, որ կա զարգացման պոտենցիալ:
Քանի որ գնաճին անդրադարձ հաճախ է լինում, Մարգարիտա Փանոյանը ներկայացնում է հանրությանը հետաքրքրող այլ վիճակագրություն ու վերլուծություն: Օրինակ` անկանխիկ գործարքների ծավալի աճը: Էլեկտրոնային վճարումների համակարգի ծրագրային մոդուլներում կատարված փոփոխության շնորհիվ ավելացել է վճարումների մշակման արագությունը՝ բարձրացնելով համակարգի թողունակության ընդհանուր մակարդակը: 2021-ին Հայաստանում վճարային քարտերով կատարված գործարքների քանակն ավելացել է 54.7%-ով, ծավալը՝ 32.4%-ով` հասնելով 1 տրլն դրամի: Սա ԿԲ-ում կարևոր ձեռքբերում են համարում:
Մարգարիտա Փանոյան - Կարևոր է նրանով, որ փաստացի մենք թե՛ ստվերից խուսափում ենք անկանխիկով, և ստվերը գնալով նվազում է, և հույս ունենք, որ այլևս այդ հարցին չենք անդրադառնալու, թե՛ մեր հասարակությանը իրազեկում ենք. եթե առաջ մենք մեծ գործարքներն էինք անում անկանխիկ, հիմա ցանկացած գործարք` սկսած մեր առաջին անհրաժեշտության գնումներից մինչև մեծ ճամփորդելու տոմսեր ու տեխնիկա ձեռք բերելը, մի հարթության վրա են:
Անկանխիկ գնումներն ավելի պրակտիկ են, հարմար և ապահով՝ ավելացնում են մասնագետները: Նախորդ տարվա հաշվետվության մեջ գլխավոր դրամատունը հանրությանը ապացուցում է, որ ԿԲ-ում որոշումները կայացնում է խորհուրդը, ոչ թե մեկ անձ:
Մարգարիտա Փանոյան - Կանդրադառնամ նաև այս տարի մեր վերահսկողության կտորին, որտեղ դուք շատ հետաքրքիր միտում կգտնեք, որը շարունակելի է լինելու, ինչը կարևոր է թե՛ մեր հասարակության համար, որովհետև ծախսերն են նվազելու վերահսկողության, թե՛ պրոֆհասարակության շահառուների համար, ինչպիսին են բանկերն ու ֆինանսական կառուցները, որտեղ կտեսնենք` իրենք իսկ սկսելու են և իրականացնելու են իրենց վերահսկողությունը:
Սա նշանակում է, որ բանկերն ու ֆինանսական կառույցները կունենան անհրաժեշտ ողջ գործիքակազմը, ինքնավերահսկողության, ապա՝ գլխավոր դրամատանը հաշվետու լինելու համար: Սա թվային վերահսկողության նախատիպն է: